Ռուսաստանը նվազեցնում է գազի գինը Հայաստանի համար, կոչ անում հանգստության Ղարաբաղում

Ռուսաստանը նվազեցնում է գազի գինը Հայաստանի համար, կոչ անում հանգստության Ղարաբաղում

Ֆոտոլուր

Հայաստանը ռուսական բնական գազը կստանա ավելի ցածր գնով`այս մասին հայտնի դարձավ հինգշաբթի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ընթացքում:

Իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կողմերը պայմանավորվել են` գազի գինը սահմանին կնվազի 1000 խմ-ի համար ներկայիս 165 դոլարից 150 դոլար:

Աբրահամյանը նշեց, որ համապատասխան մարմինների հետ քննարկումներ կանցկացվեն` Հայաստանում նաև սպառողների համար գազի սակագնի հնարավոր նվազեցման շուրջ:

Մեդվեդևի այցը Հայաստան տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ հարաբերական հանգիստը վերականգնվել է երեքշաբթի` նախորդ չորս օրերի մահացու բախումներից հետո:

Կրակի դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, ենթադրաբար`Ռուսաստանի միջնորդությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ գործնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչները բանակցությունների «սեղանին» են: Լավրովը չի մանրամասնել, ասելով, որ քննարկումները կշարունակվեն ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այսօր Երևանում ելույթ ունենալով` Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը վերահաստատեց Ռուսաստանի մտահոգությունը հակամարտության գոտում իրավիճակի կապակցությամբ` կոչ անելով հակամարտության կողմերին պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և վերսկսել քաղաքական գործընթացը:

Ապրիլի 8-ին Մեդվեդևը կմեկնի Բաքու: