Մի դատի՞ր, որ…«Ռոյալ Արմենիա»-ի գործը քննած դատավորին կարգի են հրավիրում

Դատավոր Պարգև Օհանյանը կանգնել է դատարանի առաջ այն բանի համար, որ համարձակվել է արդարացման վճիռ կայացնել առանց հարցը «վերևների հետ համաձայնեցնելու»:

Արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանի դեմ` նրան վերագրելով խախտումներ 16 քրեական և 4 քաղաքացիական գործերում:

Իրականում կարգապահական վարույթը սկիզբ առավ այն բանից հետո, երբ հուլիսի 16-ին դատավոր Օհանյանը «Ռոյալ Արմենիա» (ՌԱ) ընկերության գործով ամբաստանյալներ, ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին ու նախկին տնօրեն Արամ Ղազարյանին արդարացրեց և դահլիճից նրանց ազատ արձակելու որոշում կայացրեց:

(Այս գործարարների նկատմամբ հետապնդումն սկսվեց, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարեցին, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրօրենսգրքի 5 հոդվածներով` պահանջելով 12 տարվա առավելագույն պատիժ:)

Օհանյանի այս քայլը որակվեց հեղափոխություն դատական պրակտիկայում, իսկ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` անգամ «սխրագործություն, որով նա կարողացավ և համարձակություն ունեցավ դեմ գնալ վարչահրամայական համակարգին»:

Մոտ երկու տարի ձգձգվող այս աղմկահարույց գործի նման հանգուցալուծումից մի քանի օր հետո նախագահ Քոչարյանն անսպասելիորեն հանդիպեց ՀՀ դատարանների նախագահների խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննվեց նաև Օհանյանի արարքը:

Դրան հաջորդեց Օհանյանի գործերը խոշորացույցի տակ զննելու և նախկին գործերը փորփրելու գործընթացը:

Օհանյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով` «դատական պրակտիկայի ուսումնասիրություն և ամփոփում» անվան քողի տակ դատական դեպարտամենտի աշխատակիցները, փաստորեն, զբաղվում են վհուկաորսով:

Ըստ սահմանված ժամանակացույցի` այդ ուսումնասիրությունները կատարվել էին 2007 թ. մարտ-ապրիլ ամիսներին, և Օհանյանի գործերում ոչ մի խախտում չէր հայտնաբերվել:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ ժամանակ Օհանյանը ՌԱ-ի գործով արդարացման դատավճիռ դեռ չէր կայացրել:

Իսկ արդեն հուլիսին` ՌԱ-ի գործով վճռից հետո, նույն դեպարտամենտի աշխատակիցները, արդեն առանց որևէ օրինական հիմքի, ստուգումներ են իրականացրել ու այս անգամ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել, ընդ որում, նաև այն ժամանակահատվածի համար, որը նախկինում ուսումնասիրվել էր, և այնտեղ խախտումներ չէին հայտնաբերվել` ասում է Ալումյանը:

«Ծիծաղելի է, երբ արդարադատության նախարարն ասում է, թե սա զուտ զուգադիպություն է: Սա ոչ միայն զուգադիպություն չէ, այլև պարտադրված է, հաշվեհարդար է: Ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին Օհանյանի նախկին գործերը, այդ ինչպե՞ս ողջ դատարանում միայն Օհանյանի գործերի մեջ խախտումներ գտան: Սա ակնհայտ պատիժ է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ալավերդյանը:

Կարգապահական վարույթ ներկայացված 20 գործերում հայտնաբերված խախտումները, ըստ Ալումյանի, աննշան են և չեն կարող կոպիտ համարվել: Բացի այդ, դրանցից 8-ը մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող գործեր են, որոնք, ըստ օրենքի, չեն կարող քննվել ու կարգապահական վարույթի հիմք դառնալ:

Վարույթի տեղեկանքում տեղ են գտել այնպիսի խախտումներ, ինչպիսիք են, ասենք, այն, որ դատավոր Օհանյանը մի գործով ալկոհոլիզմից տառապող դատապարտյալին հարկադիր բուժման չի ուղարկել, այն դեպքում, երբ դատաբժշկական փորձաքննությունը դա չէր պահանջում: Բացի այդ, օրենքը նշում է, որ դատապարտյալին հարկադիր բուժման ուղարկելը դատավորի իրավունքն է և ոչ թե պարտավորությունը:

Դատապաշտպանի այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ, ինչ չափանիշներով են նշված 20 դատավճիռներում առկա խախտումները համարվել ակնհայտ և կոպիտ, Արդարադատության խորհրդի անդամ Արշակ Խաչատրյանն այդպես էլ հստակ չպատասխանեց` ասելով, որ «եթե չլինեին կոպիտ և ակնհայտ խախտումներ, կարգապահական վարույթ չէր հարուցվի»:

«ՀՀ Դատական օրենսգրքի 154-րդ հոդվածը պահանջում է, որ կարգապահական խախտում որակելու համար անհրաժեշտ է, որ օրենքի խախտումները լինեն ակնհայտ և կոպիտ, այնինչ, կարգապահական հանձնաժողովի եզրակացության մեջ դատավորին վերագրվող արարքների` ակնհայտ և կոպիտ լինելու վերաբերյալ որևէ հիմնավորում չկա, թեև օրենքն այդպիսի հիմնավորումը տվյալ դեպքում համարում է պարտադիր»,- ասում է Ալումյանը:

Ալումյանն ասում է, որ սա ակնհայտ սարքված և վատ սարքված գործ է:

«Ինչպե՞ս կարող են խոսել դատավորի կողմից օրենքի խախտումների մասին, երբ բուն կարգապահական վարույթն իրականացվել է օրենքի բազմաթիվ խախտումներով»:

Դատավոր Օհանյանն ասում է, որ պատրաստ է ամենավատին` լիազորությունների դադարեցմանը:

«Բնական է, հասկանում էի` ինչի եմ գնում, ում դեմ եմ գնում: Բայց, իմ կարծիքով, անմեղ մարդկանց համար պահանջվող 12 տարվա առավելագույն դատավճռի չէի կարող գնալ: Կարող են վերցնել դատավորի լիազորություններս, բայց կարևորը` հոգիս, չեն վերցնի»,- դատարանի առաջ կանգնած դատավոր Օհանյանն ասաց «ԱրմենիաՆաուին»:

Նա կարծում է, որ իր բազմաթիվ գործընկերներ այս պահին իրեն, գուցե, նախանձում են, որ արել է այն, ինչ խիղճն է պահանջել և ոչ թե ինչ վերևից էին թելադրում:

Օհանյանի դեմ հարուցված գործը դժգոհության ալիք է բարձրացրել նաև փաստաբանների շրջանում, որոնք վստահ են, որ Օհանյանին դատելու միջոցով մյուս դատավորների վրա են մատ թափ տալիս` զգուշացնելով, որ ինքնագործունեությունը չի ներվելու:

«Սա ցինիզմի վերջին աստիճանն է, երբ ակնհայտորեն պատժում են դատավորին ինքնուրույնություն ցուցաբերելու համար: Այնքան դատավորներ կան, որ աներևակայելի սխալ ու կոպիտ խախտումներով վճիռներ ունեն, բայց նրանց դեմ ոչինչ չի արվում»,- ասում է փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Դատարանի առաջ ունեցած իր ելույթում Օհանյանն ասաց, որ շնորհակալ է այն հնարավորության համար, որն իրեն թույլ տվեց հասկանալ այն մարդկանց վիճակը, որոնք անմեղ կանգնում են դատարանի առաջ:

«Հետաքրքիր բան է կյանքը. ինչպես Ֆիրդուսին է ասում, մեկ հեծյալն է թամբի վրա, մեկ թամբը` հեծյալի»,- ասում է դեռևս դատավոր Օհանյանը:

Կշարունակի՞ Օհանյանը թամբի վրա մնալ, թե՞ ոչ, պարզ կդառնա հոկտեմբերի 12-ին, երբ Արդարադատության խորհուրդը հրապարակի կարգապահական վարույթի մասին իր որոշումը: