Դատական հայց. հեռացված դիվանագետները վստահ են, որ կվերականգնվեն

Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ և վստահ են, որ իրենց բողոքի մասով ընթացող դատաքննությունը հնարավորություն կտա վերականգնվելու իրենց պաշտոններում:

Փետրվարի 24-ին ԱԳՆ վեց աշխատակիցների արված հայտարարությունը, որում նրանք մտավախություն էին հայտնել Հայաստանում ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, պատճառ էր դարձել, որ փետրվարի 25-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից հեռացման հրաման ստորագրեր:

Դատարան դիմած 4 դիվանագետների՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, Ամերիկայի և Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանի, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի և Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ այս գործը սխալ է ներկայացվել հասարակությանը և ՀՀ պետական այրերին, այդ թվում` Օսկանյանին:

«Դրա արդյունքում սխալ պատկերացում է ձևավորվել, որ դիվանագետները ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցները օգտագործելով քաղաքական կամ կրոնական գործունեություն են իրականացրել: Իրականում նախնական դատական նիստին ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ դիվանագետները իրենց աշխատանքային միջոցները օգտագործել են կուսակցությունների համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու»,- ասաց Բաղդասարյանը:

Նրան ու նրա պաշտպանյալներին այս փաստը թույլ է տալիս մտածելու, որ հայցը բավարարվելու է:

«Ես վստահ եմ, որ դատարանը ճանաչելու է, որ մենք որևէ օրենք չենք խախտել, և որ այդ նախադեպը կարող է շատ օգտակար լինել հասարակության համար»,- ասաց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Ես պատրաստվում եմ մայիսի 14-ին (դատական նիստի օրը) ելույթով հանդես գալ, որտեղ կապացուցեմ, որ այդ հայտարարության յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող համապատասխանում է արտաքին գործերի նախարարի (Վարդան Օսկանյան) մոտեցումներին, ավելին` երկրի բարձրագույն իշխանության մոտեցումներին»,- հավելեց Կարապետյանը:

Հայտարարությունը, որի հիման վրա հեռացվել են դատարան դիմած 4 դիվանագետները, հաջորդել էր Հայաստանի մի քանի դեսպանների և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի (ովքեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից և զրկվել դիվանագիտական աստիճաններից) հայտարարությանը, որում նրանք աջակցություն էին հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Մինչ ԱԳՆ-ից հեռացրած վեց աշխատակիցներից չորսը պնդում են, որ իրենց նամակը քաղաքական հայտարարություն չէր պարունակում, այլ հայտնում էր քաղաքացիական դիրքորոշում և մտավախություն, ԱԳՆ-ն պնդում է, որ նամակի հենց սկզբում վերոհիշյալ չորս բարձրաստիճան դիվանագետներին միանալը չի կարող այլ կերպ դիտվել և խոսում է հայտարարության քաղաքական բնույթի մասին:

Սա նկատի ունենալով` 4 դիվանագետներից Առաքել Սեմիրջյանը նշեց, որ իրենք որևէ անուն չեն նշել, որ ԱԳՆ-ում աշխատում են շուրջ 500 դիվանագետներ, ու հայտարարության այն նախադասությունը, որում նշված է, որ իրենք «միանում են իրենց գործընկերներին», չի կարող ապացույց լինել:

Բաղդասարյանը նշեց, որ անհաջողության դեպքում չեն ընկրկելու և դիմելու են հայաստանյան ու եվրոպական դատական մյուս ատյաններին: