«Արաբոյի» ճակատագիրը. վերջակետ դնելը դեռ վա՞ղ է

Մարտից հետո հակառակորդի զինվորներն առաջ են շարժվում ու անտարբեր նայում են սպանված զինվորների մարմիններին, որոնք ընկած են տարբեր դիրքերով, ինչպես մահն է վրա հասել: Ոմանց դեմքերը երևում են, ոմանք պառկած են բերանքսիվայր… Ենթադրվում է, որ դրանք «Արծիվ» ռազմական միավորման մեջ մտնող լեգենդար «Արաբո» ջոկատի` 1992 թ. հունիսին ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած ազատամարտիկներն են:

Այսօր այդ սարսափելի կադրերը մատչելի են բոլորին YouTube կայքում (http://www.youtube.com/watch?v=M9RF4f5UUBE):

Այդ ժամանակից անցել է 16 տարի: Կադրերի իսկությունը շատերի կասկածն է հարուցում: Ուրիշներն էլ հարցնում են, թե ում և ինչու էր պետք այսքան տարի անց ինտերնետում ի ցույց դնել ավելի քան 50 սպանված զինվորներին պատկերող իննուկես րոպե տևողությամբ այդ ժապավենը:

Սակայն այս շաբաթ հաղորդվեց, որ տեսանյութում իրոք ներկայացված են «Արաբոյի» և «Արծիվ» միավորման այլ ջոկատների անդամները: Նրանց նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ճանաչել է իր շատ մարտական ընկերներին, որոնք 1992-ի հունիսին անհետ կորել են Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այժմ գյուղը չեզոք գոտում է):

Ըստ Եղիազարյանի` տեսանյութում իրոք պատկերված են 79 հայ մարտիկներ, այդ թվում` նաև իր ջոկատից:

«Տղաները զոհվել են հերոսի նման, կռվել են մինչև վերջին փամփուշտը: Նրանց վրա հարձակվել են առջևից, աջից ու ձախից: Նրանք կարող էին փախչել կամ անձնատուր լինել, բայց կանգնել են մինչև վերջ ու սպանվել են»,- ասել է Եղիազարյանը:

Հրամանատարը նաև պատմել է, որ մարտի ավարտից հետո իրենք եղել են վաշտի դիրքերում և խրամատներից մեկում գտել 25-30 մարմին: Մյուս խրամատը չեն հասցրել նայել: Հաջորդ օրն իրենց աչքի առաջ ադրբեջանցիները բուլդոզերով լցրել են խրամատները: Մի քանի ժամից իրենց հաջողվել է նորից մոտենալ խրամատներին և փորել-հանել 8 մարմին, որոնցից երեքը հետո տեղափոխվել են Հայաստան: Հրամանատարը նաև նշեց այն կամավորական ջոկատները, որոնց անդամները, ինչպես ենթադրվում է, ներկայացված են տեսանյութում` «Արաբո», «Զեյթուն», «Հոկտեմբերյանի արծիվներ», ինչպես նաև 19 մարդ Արցախից (Ղարաբաղից):

Թվում է, թե ջոկատի անդամների և այլ ազատամարտիկների ճակատագիրը պարզված է, և այժմ անհրաժեշտ է հասնել հերոսաբար զոհված մարտիկների աճյունների վերաթաղմանը: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել և անցկացնել տեսանյութերի մանրազնին ուսումնասիրություն և փորձաքննություն:

«Նախ` տղաների մարմինները ճանաչել են միայն տեսողական` էկրանի վրա: Երկրորդ` հարց է ծագում` ինչո՞ւ են այս կադրերը հայտնվել միայն այսօր` 16 տարի անց: Ո՞վ է տեղադրել դրանք ինտերնետում և ի՞նչ նպատակով»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, ներկայումս «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, որը զբաղվում է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով 1990 թվականից:

Ամենակարևոր հարցը, ըստ Ալավերդյանի, տեսաժապավենի իսկությունն է: Նրա կարծիքով` ոչ մի երաշխիք չկա, որ կադրերն իրական են, արդի տեխնոլոգիաները դրանք կեղծելու բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում: «Մանավանդ որ կա Խոջալուի դեպքերի տխուր փորձը, երբ ադրբեջանական կողմը տառացիորեն մեկ օրում փոխարինեց իրական կադրերը մոնտաժվածներով, որոնք մինչև հիմա օգտագործում է որպես հայերի «մեղքի» գլխավոր ապացույց»,- ավելացնում է Ալավերդյանը:

Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Արմեն Կապրիելյանը համամիտ է, որ մինչև հատուկ փորձաքննություն և հետաքննություն անցկացնելը ոչինչ չի կարելի պնդել:

«Առայժմ չի կարելի 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ ինտերնետում տեղադրված ժապավենն իսկական է, կադրերը մոնտաժված չեն: Մինչև մանրազնին փորձաքննություն ու հետաքննություն անցկացնելը հնարավոր չէ պաշտոնապես հայտարարել, որ ներկայացված է հենց Հասան Ղայա գյուղի շրջակայքը և հենց 1992-ի ամռանը: Ամեն ինչ պետք է մանրամասն պարզվի»:

Կապրիելյանի խոսքերով` պետական հանձնաժողովի վերջին նիստում քննարկվել է նաև այդ հարցը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը հանձնաժողովի անդամ է, խոստացավ փորձաքննություն և հետաքննություն անցկացնել:

Ալավերդյանի կասկածները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ 1992-ի օգոստոսին` ջոկատի անհետ կորելուց երկու ամիս անց, ադրբեջանական կողմից ազդանշան եղավ, որ ջոկատի 17 անդամներ ողջ են և գտնվում են իրենց մոտ: Ադրբեջանցիներն առաջարկեցին փոխանակել նրանց Հայաստանում գտնվող իրենց գերիների հետ: Սակայն դրանից հետո շփումներ այլևս չեղան, և «Արաբոյի» հետքերը նորից կորան: Ալավերդյանի հավաստմամբ` հետագա տարիներին հակասական տեղեկություններ ու զանազան լուրեր էին ստացվում, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ տեսել է ջոկատի անդամներին, սակայն հայ մարտիկների ճակատագիրը այդպես էլ չհաջողվեց հավաստի կերպով պարզել:

Հանձնաժողովի նախագահ Կապրիելյանը նաև նշել է, որ ներկայումս հայկական կողմի քննությանն է հանձնվել Միջազգային կարմիր խաչի կոմիտեի հեղինակած մի նախագիծ: Այն նախատեսում է մարտական գործողությունների գոտում թաղված մարդկանց աճյունների արտաշիրիմում և ճանաչում, ինչը հնարավորություն կտա պարզելու ղարաբաղյան պատերազմի ժամանակ բազմաթիվ անհետ կորածների ճակատագիրը: Ալավերդյանի հավաստմամբ` նման նախագիծ պատերազմի ավարտից հետո իրականացվել է Չեչնիայում: