Սեպտեմբերյան մեկնարկ. առաջին դասարանցիների թիվն աճել է, իսկ աշակերտների ընդհանուր թիվը նվազել է

36.700 երեխա այս տարի սեպտեմբերի 1-ին աշակերտ դարձավ` գնալով առաջին դասարան, ինչը մոտ 3600-ով ավելի է անցյալ տարվա համեմատ` 33.037:
Թեև կրթության և գիտության նախարարության պաշտոնյաները հավաստում են, որ այս թիվը կարող է փոխվել մինչև սեպտեմբերի 15-ը, ակներև է, որ աշակերտների ընդհանուր թիվը Հայաստանում կրճատվում է: 2008-2009 թթ. ուսումնական տարում դպրոց կհաճախի 430.565 աշակերտ (2007 թվականին հաճախել է 457.561 աշակերտ, 2006-ին`458.561, իսկ 2005-ին` 471.316):

Այս տարվանից աշակերտների գիտելիքները կգնահատվեն 10 բալանոց համակարգով: Մինչև հիմա աշակերտները գնահատվում էին խորհրդային ժամանակներից մնացած 5 բալանոց համակարգով: Կրթության և գիտության նախարարության հանրակրթության բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ այս համակարգը իր հետ բերում է նաև մեթոդաբանականական փոփոխություններ, և այլևս ուսուցիչները հնարավորություն չեն ունենա գնահատականը օգտագործելու որպես պատժի ձև, ինչպես անում էին մինչ այժմ անկարգապահ աշակերտին «2» նշանակելով: 36.700 երեխա այս տարի սեպտեմբերի 1-ին աշակերտ դարձավ` գնալով առաջին դասարան, ինչը մոտ 3600-ով ավելի է անցյալ տարվա համեմատ` 33.037:


Այս տարվանից փորձնական կգործեն 10 ավագ դպրոցներ, որտեղ 2 տարվա իրենց նախընտրած կրթությունը կարող են ստանալ 9-րդ դասարանն ավարտած այն աշակերտները, որոնք պատրաստվում են բուհ ընդունվելու: Մյուս ուսումնական տարվանից ավագ դպրոցը կդառնա 3 տարի, և ընդհանուր միջնակարգ կրթությունը կլինի 12 տարի: Փորձի նպատակն է, որ բուհերի դիմորդները ստանան կրթություն դպրոցում և ոչ թե ինչպես ընդունված է` մասնավոր պարապելով:

Տիկին Հովհաննիսյանն ասում է, որ դպրոցի նկատմամբ վստահության պակասն է պատճառը, որ միայն 10 ավագ դպրոց է բացվել: Հաջորդ տարիներին արդյունավետությանը զուգահեռ դրանց թիվը կաճի:

Սեպտեմբերի 1-ի առիթով օգոստոսի 28-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հասարակությունը դեռ չի կարևորում գիտելիքի արժեքը, և այս մտայնությունը փոփոխելու մեջ կառավարությունից շատ բան է կախված. «Չսովորելն այսօր պետք է դիտարկվի ազգային դավաճանության նման մի երևույթ, որովհետև չսովորելով մենք փոշիացնում ենք մեր ազգային պոտենցիալը, կործանում մեր ազգի ապագան»,- ասել է վարչապետը:

Նա նաև անթույլատրելի է համարել «քաղաքական կրքերը» դպրոց և բուհ տեղափոխելը, դասերի ժամանակ քաղաքական քարոզչությունը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ ուսուցիչները և դասախոսները իրենց հատկացված ժամերը դասախոսություն կարդալու, ուսուցման գործընթաց կազմակերպելու փոխարեն օգտագործեն քաղաքական քարոզի համար»:

Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին ու մարզպետներին ապահովել կրթության, բուհական և հետբուհական կրթության մասին օրենքների այն դրույթները, որոնք արգելում են քաղաքական գործունեությունը ուսումնական հաստատություններում, պայմանագրերում ներառել այս դրույթները, իսկ խախտողների հետ պայմանագրերը լուծել: «Այն դասախոսները և ուսուցիչները, ովքեր կփորձեն խախտել այս կանոնները, անհապաղ կհեռացվեն աշխատանքից»,- զգուշացրել է Սարգսյանը: