Մարզական ցուցահանդես. Ցեղասպանության թանգարանը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի անհայտ էջերը

Երեքշաբթի Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» ցուցահանդեսը`բացահայտելով հայկական սպորտի օսմանյան շրջանի քիչ հայտնի էջերը:

Ներկայացված են դարասկզբի Արևմտահայաստանի մարզիկների և մարզական խմբերի լուսանկարները, Օսմանյան կայսրությունում առաջին մարզական պարբերական «Մարմնամարզի» (1911-1914 թթ.) համարները:

Ցուցահանդեսի գաղափարը հղացած թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ասում է, որ անցյալ տարի թանգարանի գրադարանում հայտնաբերելով «Մարմնամարզի» բոլոր համարները` որպես պատմաբան իր ուշադրությունը գրավեց ազգայնականության, Օսմանյան կայսրության ներսում սպորտային մրցակցության վերաբերյալ թեմաները, իսկ ամենից շատ հետաքրքրեց սպորտի և ցեղասպանության համակցությունը: Նա ասում է, որ ուսումնասիրված է «Սպորտը և Հոլոքոսթը Գերմանիայում» թեման, իսկ այս ցուցահանդեսով ու իր ուսումնասիրություններով գտնվում են վկայություններ, թե ինչպես Օսմանյան կայսրությունում նպատակ է դրվել պայքարել փոքրամասնությունների մարզական հաջողությունների դեմ, որի արդյունքը եղան փակված սպորտային ակումբներն ու ցեղասպանության զոհ դարձած մարզիկները: Դեմոյանը «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» թեմայով մենագրության վրա է աշխատում, իսկ մոտ ժամանակներս կտպագրվի այդ թեմայով նրա գրքույկը:

«Մարմնամարզ» պարբերականի խմբագիր, թեթևատլետ Շավարշ Քրիսյանը 1915 թ. ապրիլի 24-ին Պոլսից աքսորված ու սպանված մտավորականներից է: Թերթը դադարում է տպագրվել:

Ցուցափեղկում դրված «Հայ սկաուտ» պարբերականի 1920 թվականի համարը նվիրված է նահատակված տասնյակ հայ մարզիկներին: Իսկ առաջին ֆուտբոլային թիմերից մեկի` Պոլսում 1908 թվին ստեղծված «Տորքի» (թիմի լուսանկարը ցուցադրված է) հիմնադիր, սկաուտապետ Վահան Չերազին, որին Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1919-ին հրավիրել էր Երևան սպորտը զարգացնելու համար, խորհրդային իշխանությունը ձերբակալում և 1927 թվականին գնդակահարում է:

Ցուցահանդեսից նաև իմանում ենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Պոլսում գործել են մոտ 40 հայկական մարզական ակումբներ: Հայկական մարզական ակումբներ են ստեղծվել նաև Նիկոմեդիայում, Կարինում, Վանում, Ադանայում և այլ բնակավայրերում: 1911-1914 թթ. կազմակերպվում էին ամենամյա հայկական օլիմպիական խաղեր: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության թիմային մրցաշարերին:

Ստոկհոլմի հինգերորդ օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության դրոշի ներքո մասնակցած առաջին մարզիկներն էին Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը:

Հայոց ցեղասպանության թանգարանում (www.genocide-museum.am) բացված ցուցահանդեսը կգորխի մինչև սեպտեմբերի 15-ը: