«Ռուսական շաբաթ». Նախագահ Սարգսյանը մեկնել է Սոչի` Մեդվեդևի հետ հանդիպման

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև երեքշաբթի Սոչիում կայանալիք հանդիպման գլխավոր թեմաներից մեկը հավանաբար կլինի Վրաստանում վերջերս տեղի ունեցած պատերազմն ու դրա անսպասելի հետևանքները տարածաշրջանի համար:

Սա կլինի Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի առաջին հանդիպումը վրաց-օսական և վրաց-ռուսական զինված ընդհարումներից հետո:

Ռուսաստանն իր ռազմական ուժերը մտցրեց Հարավային Օսիա, հետագայում նաև` Վրաստանի տարածք`ի պատասխան անցյալ ամսվա սկզբին իր անջատողական փոքր շրջանի նկատմամբ Թբիլիսիի ռազմական ագրեսիայի: Հնգօրյա պատերազմական գործողությունները, որոնց միացավ նաև Ռուսաստանի կողմից օժանդակվող Վրաստանի մեկ այլ անջատողական շրջան` Աբխազիան, ավարտվեց Վրաստանի որոշ մասում և նրա ռազմավարական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի վերահսկողության հաստատմամբ, որը ստիպեց Սահակաշվիլու կառավարությանը ստորագրել Ֆրանսիայի կողմից մշակված խաղաղության համաձայնագիրը:

Երևանն ակնհայտ չեզոքություն էր պահպանում իր հյուսիսային հարևանի տարածքում տեղի ունեցող ակտիվ ռազմական գործողությունների փուլում: Պաշտոնական հաղորդումների համաձայն` Վրաստանը ցամաքային տարանցիկ ճանապարհ է Հայաստանի 70 տոկոս արտաքին առևտրի համար: Մյուս կողմից` Հայաստանը էներգետիկ, կախվածություն մեջ է Ռուսաստանից, վերջինս այստեղ նաև ռազմակայան ունի:

Ըստ Սարգսյանի մամլո ծատայության անցյալ շաբաթվա վերջին հրապարակած հաղորդագրության` Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Սոչի (պաշտոնական Կրեմլի աղբյուրները հաստատում են, որ այցը կատարվելու է Մեդվեդևի հրավերով): Կողմերը կքննարկեն «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության հետագա զարգացումները և հանգամանորեն կանգ կառնեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի առաջիկա նախագահության խնդրի վրա»: Աղոտ նշվում է նաև որ, «նախագահները կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ»:

Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողություններն սկսվելուց մեկ շաբաթ անց երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել և համաձայնել են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խորհրդակցություններ ունենալ հետագա զարգացումների վերաբերյալ:
Առայժմ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ պասիվ դիրք է գրավել և Հարավային Օսիայի ու Աբխազիայի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը դեռ հստակ չի ձևակերպել, մինչդեռ Մոսկվան անցյալ ամսվա վերջին ճանաչել է նրանց անկախությունը:

Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման առնչությամբ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, այսպես է պատասխանել. «Հայաստանը միշտ կողմնակից է եղել և շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրա»:

Դրան հակառակ` ԼՂՆ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Հարավային Օսիայի և Աբխազիայի իր պաշտոնակիցներին` հավանություն տալով Ռուսաստանի կողմից նրանց երկրների անկախության ճանաչմանը:

Մինչ այդ, ՀԱՊԿ-ը` Ռուսաստանի գլխավորած, նախկին խորհրդային 7 հանրապետություններից կազմված ռազմական դաշինքի անդամները, որոնց շարքում, Հայաստանից ու Ռուսաստանից բացի, ընդգրկված են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, կհանդիպեն ուրբաթ Մոսկվայում:

Ակնկալվում է, որ ՀԱՊԿ-ի խորհուրդը կքննարկի Հարավային Օսիայում և Աբխազիայում ստեղծված իրավիճակը` Վրաստանում Ճգնաժամի առնչությամբ այլ զարգացումներին զուգընթաց:

Անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ին կոչ արեց «ընդհանուր դիրքորոշում ցուցաբերել Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում»: