Քաջ դաշնակցականները. Ազգայնական կուսակցությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայի նախագահի` Երևան կատարելիք այցի առնչությամբ

Երեքշաբթի դաշնակցության հրավիրած հանրահավաքում Ազգային ժողովի փոխնախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանը կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գյուլի դեմ կազմակերպվելիք ցույցերին, որոնք կսկսվեն օդանավակայանից։

Թեև հանրահավաքը նվիրված էր Ղարաբաղի անկախության հանրաքվեի 17-ամյակին, այսուհանդերձ շեշտադրումները ուղղված էին հայ-թուրքական հարաբերություններին և սեպտեմբերի 6-ին Գյուլի` Հայաստան այցին։

Հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը մերժել էր, իսկ վարչական դատարանը` չեղյալ համարել այդ մերժումը։

Դաշնակցության բյուրոյի անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող բարելավվել, եթե նա չճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ անկախ Հայաստան է գալիս ոչ թե իբրև զավթիչ, իբրև ջարդարար, այլ իբրև հյուր, և մենք պարտավոր ենք, հարգելով ժողովրդավարության օրենքները, մեր միասնական կամքը ցույց տալու այս բարձրաստիճան հյուրին, ապացուցելու, որ կան խնդիրներ, որոնք անանց արժեք են հայ ժողովրդի համար և կապված են նրա գոյության հետ»,- ասաց նա։

Օգոստոսի 28-ին Թուրքիայի «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, ով հրավիրել էր Թուրքիայի իր պաշտոնակցին «միասին վայելելու» սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը, պատասխանելով Գյուլի այցի առնչությամբ կոալիցիոն գործընկեր դաշնակցության բացասական վերաբերմունքին, ասել է. «Չեմ կարծում, որ նրանք իրենց ձայնը լսելի դարձնելու համար անպայման պետք է ինչ-որ բաներ անեն, որ սովորական կանոնների մեջ չի տեղավորվում: Ընդհանրապես, եթե որևէ մեկը կատարի մի քայլ, որ «քաղաքակիրթ պահվածք» ասվածի մեջ չի տեղավորվում, առաջին հերթին իր վերաբերմունքը կցուցաբերի Հայաստանի իշխանությունների և Հայաստանի նախագահի նկատմամբ, քանի որ նրան ես եմ հրավիրել»:

Հանրահավաքում պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Վրաստանի իրավիճակին և Ջավախքի խնդրին, անհրաժեշտ համարեց, որ Վրաստանը դառնա կոնֆեդերատիվ պետություն, իսկ Ջավախքը, որի բնակչության մեծ մասը հայեր են, ինքնավարություն ստանա։

«Վրաստանի իշխողները պետք է հասկանային, որ Վրաստանի զարգացման և կայունության գրավականը կոնֆեդերատիվ Վրաստանն է, և այդ դեպքում Ջավախքի իրավունքները պաշտպանված կլինեին»,- ասաց նա։

Իսկ ինչ ենք տեսնում այնտեղ. դասեր չքաղելով Աբխազիայից ու Օսեթիայից` ազգայնամոլ շրջանակները փորձում են թերթ փակել, ռադիոժամ փակել, չգրանցել հայկական կազմակերպությունները, մարդ ձերբակալել։ Նշանակում է` դաս չառան»։

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, նկատի ունենալով վրաց-օսական հակամարտության հետևանքները և կոնֆլիկտները ռազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա փուլում միջազգային հանրության առջև որպես առաջնային խնդիր պետք է բարձրացվի հակամարտող կողմերի միջև ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառող իրավական փաստաթղթի ստորագրումը։