Մակքեյնը չի՞ կարող. ամերիկահայերին ուղղված նամակում սենատորը խուսափում է «ցեղասպանություն» բառից

Սեպտեմբերի 29-ին նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի նախընտրական գրասենյակի` ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված նամակում հանրապետական սենատորը երախտագիտություն է հայտնում ամերիկահայերի կատարած «բոլոր ներդրումների համար», սակայն ձեռնպահ է մնում 1915-1923 թթ. Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելուց:

Նամակում, մասնավորապես, նշվում է. «Ճշմարիտ է, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը` մոտ մեկ և կես միլիոն հայերի դաժան սպանությունը Օսմանյան կայսրությունում, նաև ամենաանտեսվածներից է: Այդ շրջանում հայ ժողովրդի կրած տառապանքները հետագայում դարձան մարդկության պատմության ամենաարյունոտ դարի նախաբան»:

Սենատորի մեկնաբանություններն արժանացան առնվազն մեկ ամերիկահայ լոբբիստական կազմակերպության արձագանքին:

Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA, www.anca.org) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասաց.

«Մենք հույս ունեինք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սենատոր Մակքեյնի շփումներն ամերիկահայ ընտրողների հետ չեն սահմանափակվի տարեսկզբին մեզ ուղարկված հարգալից, բայց ապաքաղաքական նամակով, որում նա անդրադարձել էր իր մոտեցումներին մեր համայնքին հուզող հիմնական հարցերի առնչությամբ,- ասել է նա: - Ամերիկահայերը քվեարկում են` հիմնվելով կոնկրետ հարցերի վրա և թեկնածուներից ակնկալում են հստակ դիրքորոշում իրենց տեսակետների և արժեքների, հատկապես Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի հզորացմանը և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի նկատմամբ»:

Այդ նամակի առնչությամբ կազմակերպության գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է.

«Կոնգրեսում իր պաշտոնավարման ընթացքում սենատոր Մակքեյնը ակտիվորեն ընդդիմացել է կամ պասիվորեն անտարբեր է եղել հայ-ամերիկյան հարցերի նկատմամբ: Տակավին վերջերս` անցյալ տարվա հոկտեմբերին, սենատոր Մակքեյնը հրապարակավ դեմ է արտահայտվել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1999 թ. նա քվեարկել է Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը սահմանափակելու դեմ` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակում և այլ թշնամական գործողություններ իրականացնելու համար: 1990-ին նա դեմ է քվեարկել դեմոկրատ սենատոր Բոբ Դոուլի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին»:

Ինչպես նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, դեմոկրատ թեկնածու, սենատոր Բարաք Օբաման իր վերջին ելույթներում հանդես է գալիս հայկական հարցերով մտահոգված ընտրողներին հաճելի հայտարարություններով: Մասնավորապես, 2008-ի հունվարին նա աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձևին` խոստանալով ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Շատ ամերիկահայեր նախապատվություն են տալիս Օբամա-Բայդեն զույգին` համարելով, որ հայկական հարցերին աջակցության տեսանկյունից այն ավելի խոստումնալից է:

Ամռան վերջին դեմոկրատների կողմնակիցները կազմեցին «Ամերիկահայերը հօգուտ Օբամայի» շարժումը (www.armenianamericansforobama.com):

«Սենատորներ Օբաման և Բայդենը ապացուցել են, որ սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և ճանաչում են ամերիկահայերի կարևոր ներդրումը: Որպես նախագահ և փոխնախագահ` այս թիմը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը հաջորդ վարչակազմի օրոք»,- ասել է Օբամայի քարոզարշավի մասնակից Էնթոնի Բարսամյանը Բոստոնից:

Սակայն Դեմոկրատական կուսակցությունն էլ առայժմ ավարտին չի հասցրել Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնությունը: Դրա վերջին օրինակն է այն, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձևի հետագա առաջխաղացումը, չնայած իր ոչ պարտադիր բնույթին և այն հանգամանքին, որ այն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձայների 27 կողմ և 21 դեմ հարաբերությամբ, կասեցվեց Բուշի վարչակազմի և Թուրքիայի ճնշման պատճառով` այն պատրվակով, թե դա կարող է վտանգել ԱՄՆ-ի ազգային շահերը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` ԱՄՆ-Թուրքիա ռազմական համագործակցությունը:

Բանաձևի դեմոկրատ աջակիցները` Ադամ Շիֆը (Կալիֆոռնիայի նահանգ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունը (Նյու Ջերսի), Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը (Կալիֆոռնիա) և Աննա Էշուն (Կալիֆոռնիա) այն ժամանակ նամակով դիմեցին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` հորդորելով վերանայել այդ հարցի քննարկման գրաֆիկը` նշելով, որ իրենց կարծիքով` «մեր գործընկերների մեծամասնությունը ցանկանում է աջակցել ցեղասպանության ճանաչման բանաձևին Ներկայացուցիչների պալատում, և նրանք այդպես էլ կանեն ավելի բարենպաստ ժամանակացույցի պարագայում»:

Աղբյուրները` www.anca.org, www.aaainc.org press releases October 25, 2007, January 20, September 29, 2008, and October 1, 2008, as well as GovTrack.us. H. Res. 106--110th Congress (2007): Affirmation of the United States Record on the Armenian Genocide Resolution, GovTrack.us (database of federal legislation) http://www.govtrack.us/congress/bill.xpd?bill=hr110-106 (accessed Oct 4, 2008).