Սեպտեմբերի 11-ից մարտի 1. «Սեպտեմբերի 11-ի» հանձնաժողովի անդամները ժամանել են Հայաստան օգնելու մարտյան իրադարձությունների ուսումնասիրությանը

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ից ժամանած «Սեպտեմբերի 11-ի» հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված 3 անդամներ իրենց հայ գործընկերներին են «ներկայացնելու իրենց փորձն ու սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի քաղած դասերը»:

Քրիստոֆեր Քոյմը, Մայքլ Հարլին և Ջոն Ֆարմերը, որոնք բոլորն էլ ներգրավված են եղել ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումներն ուսումնասիրող ազգային հանձնաժողովի կազմում (ավելի հայտնի որպես «Սեպտեմբերի 11-ի» հանձնաժողով) ներկայացրին մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, թե ինչ սկզբունքով և առաքելությամբ է աշխատել «Սեպտեմբերի 11-ի» հանձնաժողովը:

Փորձագետների հավաստմամբ` իրենց հիմնական նպատակն է եղել ամերիկյան հանրությանը ներկայացնել ողջ պատմությունը` բոլոր մանրամասներով:

Նրանք շեշտեցին, որ հանձնաժողովի զեկույցը «որևէ արժեք չէր ունենա, եթե հանրությունը չմասնակցեր փաստահավաք աշխատանքին»:

Փորձագետների խոսքերով`հանձնաժողովի վստահելիությանն օգնել է նաև այն հանգամանքը, որ նրանք վայելել են հասարակության վստահությունը, որ հանձնաժողովում ներկայացված էին բոլոր կուսակցությունները հավասարապես, և ընդգրկված անդամները պաշտոնաթող ղեկավարներ էին, որոնք ոչ մի պարտավորվածություն չունեին իշխանությունների նկատմամբ և ընտրվել էին «ոչ թե կուսակցական պատկանելության սկզբունքով, այլ փորձագիտական գիտելիքների համար»:

Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ իրենց հանձնաժողովներն «ունեն շատ ընդհանրություններ», բայց ամենամեծ տարբերությունը քննարկվող խնդիրն է:

«Մենք ունենք մի գլոբալ տարբերություն. նրանք քննել են մի ազգային աղետ, որը վերաբերում է արտաքին ագրեսիային, և ազգը միասնական էր այդ խնդիրները լուծելու առումով: Մենք քննում ենք ներքաղաքական խնդիր, որովհետև հասարակությունը տարբեր, բևեռացված մոտեցումներ ունի,- ասել է Նիկոյանը: - Այդ իսկ պատճառով քաղաքական ազդեցությունը և ճնշումը հանձնաժողովի վրա բավական մեծ է»:

Այս այցելության միտքն առաջ է քաշվել ՀՀ պաշտոնյաների կողմից հունիսին պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրամերի Երևան կատարած այցի ժամանակ:
Փորձագետները հանդիպումներ կունենան ոչ միայն հանձնաժողովի անդամների, այլև տարբեր պաշտոնյաների ու գլխավոր դատախազի հետ, սակայն ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «փորձագետները Հայաստանում կատարված իրադարձությունների քննության կամ նախաքննության հարցում որևէ ուղղակի օժանդակություն չեն ցուցաբերի: Նրանք չեն կատարի որևէ գնահատում ու չեն պատրաստի որևէ հաշվետվություն Հայաստանում ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ»:
«Հանձնաժողովն ինքը պետք է իր ճանապարհը գտնի, մենք կարող ենք միայն մեր փորձի մասին խոսել»,- ասում է Քոյմը:

Հայաստանյան քաղաքական դաշտում այս այցելությունը բուռն քննարկումների առիթ է տվել:

Հայաստանի առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասում է, որ փորձագետների ժամանման փաստն անհասկանալի է:

«Եթե նրանք ընդգրկված չեն հանձնաժողովում, եթե որևէ գնահատական, զեկույց չեն ներկայացնելու, ապա ի՞նչ օգտակարության մասին խոսենք: Եկել են հուշեր պատմելո՞ւ, թող պատմեն»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մուսինյանը:

Խորհրդարանի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Անահիտ Բախշյանն ասում է, որ փորձագիտական խմբի այցելությամբ հանձնաժողովն ուզում է լեգիտիմացնել իր գործունեությունը:

«Ուզում են ցույց տալ, որ գործ են անում, որ աշխատում են, բայց դա, ըստ էության, օգտակար չի կարող լինել»,- ասում է Բախշյանը:

Մինչդեռ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հույս է հայտնում, որ փորձագետների ժամանումը «կստիպի հանձնաժողովին ավելի քիչ խեղաթյուրումներ կատարել»:

«Փորձագետներ ուղարկելու երևույթն է կարևոր, դա նշանակում է, որ արտաքին աշխարհը լուրջ անվստահություն ունի հանձնաժողովի նկատմամբ, և սա, գուցե, սթափեցնի նրանց»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Սուրենյանցը: