Դիտարկման ներքո. Ըստ զեկույցի` տնտեսական աճը կնվազի 2009 թ., իսկ գնաճը կլինի նախատեսվածից ավելին

Ըստ առաջատար գլոբալ խորհրդակցական կազմակերպության նոր զեկույցի` Հայաստանն այս տարի էլ կունենա երկնիշ տնտեսական աճ` շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ, իսկ հաջորդ տարի աճը փոքր-ինչ կնվազի:

«Գրանթ Թորնթոն ինթերնեշնլ»-ը հոկտեմբերի 8-ին ներկայացրեց Միջազգային գործարար զեկույցը (ՄԳԶ IBR), որը դիտարկում է աշխարհի 34 երկրների 7800 գործարար ղեկավարների կարծիքներն ու կանխատեսումները:

Ըստ զեկույցի կանխատեսումների` ակնկալվում է, որ Հայաստանն այս տարի էլ կունենա երկնիշ իրական ՀՆԱ` մոտ 10%-ի սահմաններում` շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ, իսկ 2009-ին փոքր-ինչ կնվազի` մինչ 8 տոկոս:

Սակայն դրա հետ մեկտեղ կանխատեսվում է, որ գնաճը կգերազանցի նախատեսված 4 տոկոսը` հասնելով մինչև 7 տոկոսի` հիմնականում սննդամթերքի ներկրման և նավթի միջազգային գների բարձրացման հետևանքով:

«Հայաստանում ներմուծում-արտահանում տարբերությունը շարունակում է մնալ բավական մեծ, ինչը մտահոգիչ է,- ասում է ՄԳԶ ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը ավելացնելով, որ ձեռնարկությունների արտահանման և ներմուծման տոկոսային հարաբերությունը կազմում է մոտ 30-70:

Ըստ զեկույցի` աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեն Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Ռուսաստանը, այս շարքում Հայաստանը չունի հստակ վարկանիշ, բայց համարվում է անցումային փուլում արագ զարգացող երկիր:

Հայաստանում ուսումնասիրությանը մասնակցել են 50-500 աշխատող ունեցող 100 խոշոր ձեռնարկություններ, որոնց պատասխանների միջոցով զեկույցի հեղինակները պարզել են հայաստանյան բիզնես աշխարհի հիմնական խնդիրները:

Հայաստանյան բիզնեսը սահմանափակող խոչընդոտների շարքում գործարարներն առաջինը նշել են երկարաժամկետ ֆինանսավորման պակասը (35 տոկոս), երկրորդ տեղում` բյուրոկրատիան (28 տոկոս): Եթե համաշխարհային մակարդակներով ամենալուրջ խոչընդոտը մասնագիտացված աշխատուժի պակասն է` 35 տոկոս, ապա Հայաստանում միայն 19 տոկոսն է նշել այս խնդրի առկայության մասին: Նման մեծ տարբերություն է նաև պահանջարկի խնդիրը, համաշխարհային շուկայում պատվերների պակասը 31 տոկոսով է խոչընդոտում, այն դեպքում, երբ Հայաստանում դա ընդամենը 14 տոկոս է կազմում:

Զեկույցը ներառում է նաև տնտեսության լավատեսության/հոռետեսության հաշվեկշիռը, հարցված երկրների մեծ մասը լավատեսորեն է տրամադրված գալիք տարվա տնտեսության զարգացման հեռանկարների նկատմամբ: Հետաքրքիր է, որ աշխարհի ամենալավատես երկիրը Հնդկաստանն է` +95, իսկ ամենահոռետեսը` Ճապոնիան` -49 ցուցանիշով:
Հայաստանը լավատեսների շարքում է` +81 տոկոս ցուցանիշով, որը սակայն 3 միավորով պակաս է 2007-ից: