Վեճ գմբեթի տակ. հայկական եկեղեցիների պաշտպանությունը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում

Վերջին հանգստյան օրերն աչքի ընկան հայ հասարակական-քաղաքական հանրության շրջանում տարբեր գործիչների և պատգամավորների ելույթներով, որոնք առնչվում էին հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Խնդրի նման աշխուժացման պատճառն աննախադեպ իրադարձությունն էր. դեկտեմբերի 11-ին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան առջև հակահայկական բողոքի ակցիա անցկացվեց: Հանրահավաքի մասնակիցները հանդես եկան «Հայաստանի հյուսիսային շրջանում գտնվող տասը եկեղեցիները Վրաց ուղղափառ
եկեղեցուն հանձնելու» պահանջով:

Հայ-վրացական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններն ակնհայտ էին դարձել արդեն անցյալ ամիս:

Նոյեմբերի 18-ին պաշտոնական Երևանն առաջին անգամ բողոքի նոտայով դիմեց Վրաստանի իշխանություններին: Երկկողմ հարաբերությունների ամբողջ նորագույն պատմության ընթացքում նման բան դեռ չէր եղել:

Երևանի պաշտոնական նոտան անմիջապես հաջորդեց Թբիլիսիում հայկական եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությանը, երբ նոյեմբերի 16-ին վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլին Սբ. Նորաշենի տարածքում էքսկավատորով կազմակերպել էր աշխատանքներ, իբր` «տապանաքարերի տակի և շրջակա տարածքների հողը մաքրելու նպատակով»: Արդյունքում` եկեղեցու պատի տակ գտնվող` այդ քաղաքի հայ մեկենասների գերեզմանաքարերը տեղաշարժվել են:

Հայկական եկեղեցիների նկատմամբ Թբիլիսիի իշխանությունների նման վերաբերմունքն արդեն վաղուց հազվադեպ չէ:

Այժմ Թբիլիսիում 29 հայկական եկեղեցիներից (սկսած 20-րդ դարից) միայն երկուսն են (Սբ. Գևորգը և Սբ. Էջմիածինը) գործող, մինչդեռ մյուսները կամ վաղուց ավերված են, կամ վրացականացված:

Սակայն, միայն նոյեմբերին պաշտոնական Երևանը բողոքի նոտայով դիմեց Վրաստանի կառավարությանը: Ոմանք դա դիտարկում են վերջերս տեղի ունեցած վեցօրյա պատերազմի (վրաց-օսական) համատեքստում, մյուսները` մի փոքր այլ կերպ: Այդուհանդերձ, բոլորը համակարծիք են, որ Հայաստանի իշխանությունների այս քայլը պատահական չէ և բավական հատկանշական:

«Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո վրացական կողմը պետք է ավելի իմաստուն լինի և զգուշանա այլ ազգերի ինքնությունը վկայող տարրերը յուրացնելու փորձից»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

«Վրացական կողմը չի ճանաչում հայկական եկեղեցիները և կոչ է անում եկեղեցիների պատկանելության խնդիրը քննող հանձնաժողով ստեղծել: Նմանօրինակ վերաբերմունք ենք տեսնում նաև թուրքերի կողմից, ովքեր կոչ են անում ստեղծել ցեղասպանության խնդրի առնչությամբ պատմաբանների հանձնաժողով»,- ասաց Հանրապետական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:

Ակնհայտ է, որ գալիք տաիր կդառնա երկկողմ հարաբերություններում առկա շատ վիճելի խնդիրների պարզաբանման ժամանակաշրջան: Արդեն այժմ պարզ է, որ «եկեղեցական վեճը» հայ-վրացական հակասության սառցալեռան ընդամենը գագաթն է: