ID բանավեճ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ նույնականացման քարտերով քվեարկության հարց է ծագում

Այս շաբաթ խորհրդարանում քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը՝ դեկտեմբերի 6-ին սպասվող Սահմանադրության հանրաքվեից առաջ, նոր մտահոգությունների տեղիք է տվել ընդդիմությանը, որը համարում է, որ նույնականացման քարտերը սողանք են կրկնաքվեարկության համար, քանի որ դրանց վրա, ինչպես անձնագրերում, հնարավոր չի լինի դնել դրոշմակնիք, որոնք և հաստատում են քվեարկությանը անձի մասնակցած լինելու փաստը:

Կառավարության կողմից օրենքներում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի քվեարկություն կատարել նաև նույնականացման քարտով: Հայաստանում նույնականացման քարտ (ID) ունի 500 հազար մարդ, որոնցից 176 հազարը չունեն անձնագիր:

Ազգային ժողովն արդեն իսկ մերժել է քննարկման դնել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրինագիծը, որով առաջարկվում էր ոչ միայն քվեարկելու հնարավորություն տալ նույնականացման քարտ ունեցող շուրջ կես միլիոն ընտրողի, այլև հատուկ սարքերի միջոցով բացառել կրկնաքվեարկությունը: Հանրապետականները այդ մերժումը հիմնավորել են, որ տեխնիկապես հնարավոր չի լինի մինչև հանրաքվեն համապատասխան սարքեր գնել և տեղադրել:

ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ժամանակին նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը Ընտրական օրենսգրքից հանվել է հենց այն պատճառով, որ չկային վերահսկման մեխանիզմներ, մինչդեռ հիմա համարում են, որ միայն նույնականացման քարտը, առանց որևէ լրացուցիչ բանի, բավարա՞ր է, որ հանրության վստահությունը վերականգնվի:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները համոզված են. նույնականացման քարտերով քվեարկությունը պարզապես կասկածի տակ է դնելու դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Նրանք առաջարկել են 176 հազար մարդուն տալ թղթային անձնագրեր։

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի պնդմամբ` ՀՀԿ օրենքի նախագծով արդեն իսկ կասկածի տակ է դրվում ընտրական ողջ գործընթացը:

«Ստացվում է, որ անձնագիր ունեցողի հասցեն պարտադիր ստուգվում է, կնիքը դրվում, իսկ նույնականացման քարտ ունեցողների դեպքում այս պայմանները պարտադիր չենք համարում: Սա նշանակում է երկակի ստանդարտներով որոշման անցկացում: Ուզում եք նախապես հայտարարենք, որ ընտրությունը կեղծիքներո՞վ է անցկացվելու»,- ասել է Բիշարյանը:

Ըստ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` նույնականացման քարտերով ընտրություն կատարելիս ընտրողի իրավունքը չի խախտվում:

«Մենք երկակի ստանդարտների խնդիր նույնպես չենք տեսնում, սակայն տեսնում ենք խնդիր, որը վերաբերում է այն լրացուցիչ երաշխիքին, որ կարող էր երաշխավորել կրկնակի քվեարկությունը։ Մենք, կատարելով առաջիկա հանրաքվեի ընտրություններում իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները, լրացուցիչ կանդրադառնանք նաև այն հարցին, թե ինչ ազդեցություն ունեցավ այս փոփոխությունը կրկնաքվեարկության խնդրի վրա»,- ասել է Անդրեասյանը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով` իշխանությունը օրենքի նախագիծը ներկայացրել է արագացված ռեժիմով, իսկ ընտրության մասին օրենքները առնվազն պետք է վեց ամիս առաջ ընդունվեն:

«Նույնականացման քարտերով քվեարկելը մարդու իրավունք է, թույլատրվում է ցանկացած քաղաքացու քվեարկելու իրավունքը իրականացնել, բայց դա հակասում է այն օրենքին, ըստ որի` պետք է գրանցվի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում նրա մասնակցությունը, նրա քվեարկությունը: Դրա իմաստը շատ հասարակ է, շատ պարզ է. այն բացառելու է մարդկանց կրկնաքվեարկությունը»,-ասել է Մանուկյանը: