Անկողմնակալ քարոզչությո՞ւն. ընդդիմության պնդմամբ`իշխող կուսակցության բարձրաստիճան անդամի հեռուստաշոուն խարխլում է անաչառությունը

Անկողմնակալ քարոզչությո՞ւն. ընդդիմության պնդմամբ`իշխող կուսակցության բարձրաստիճան անդամի հեռուստաշոուն խարխլում է անաչառությունը

Photo: www.1tv.am

Նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստատեսությամբ մեկնարկած նոր` «Եռանկյունի» հաղորդաշարը, որը վարում է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խիստ քննադատության է արժանացել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից, որը հայտարարել է, որ այս հաղորդմամբ խախտվում է նույն օրը մեկնարկած սահմանադրական հանրաքվեի քարոզչության հավասարության սկզբունքը:

ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է. հաղորդումը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ՝ աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որտեղ հնարավոր լինի, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճը վարողի դերում լինի ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից` անմիջապես հրաժարվել սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող հերթական քայլից, ստեղծելով հանրային բանավեճի այնպիսի ձևաչափ, որը կվարեն չեզոք և անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները և կապահովեն լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների համար:

Անդրադառնալով ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը` նախարար Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար: Նա նշել է, որ հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով, դրա համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

«Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին: Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչն ավելի երկար եթերաժամանակ ունեցավ: Ի դեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ իրենց տեսակետները»,- գրել է Աշոտյանը:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր նոր՝ հեռուստահաղորդավարի աշխատանքին` նախարարն ասել է, որ հրավերը ստացել է Հանրային հեռուստաընկերությունից, որոշումը հեշտությամբ չի կայացրել, «ծանրութեթև» է արել և որոշել ստեղծագործական աշխատանքի այդ ձևն էլ փորձել:

Նա վստահեցրել է, որ «Եռանկյունին» «Այո»-ի քարոզչություն չի իրականացնելու, այլ իրեն վերապահված հաղորդավարի ֆունկցիան է իրականացնելու. «Տալ ամենաանհարմար հարցերը ցանկացած հյուրի: Ինձ արդեն դուր են գալիս այն աղմուկը և աժիոտաժը, որն արդեն իսկ առաջացել է»:

Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՛ս է կարողանալու համադրել նախարարի և հաղորդավարի աշխատանքը, ՀՀԿ փոխնախագահն ասել է. «Դեռ չեմ դժգոհում, ես երիտասարդ անձնավորություն եմ, ես ամբողջությամբ համադրում եմ, եթե դուք հետևեք իմ աշխատանքային առօրյային»: