Այո՞, թե՞ ոչ. ոմանց համար սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին հեռուստատեսությամբ հետևելը հասանելի չէ

Այո՞, թե՞ ոչ. ոմանց համար սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին հեռուստատեսությամբ հետևելը հասանելի չէ


Արդեն մեկ շաբաթ է` մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն, ընտրելու իրավունք ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում դրան հետևել կամ չեն կողմնորոշվում տեղեկատվության անբավարար չափից: Այդուհանդերձ, դիտարկումները ցույց են տվել, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, որի նախաձեռնած փոփոխություններով Հայաստանը վերափոխվելու է խորհրդարանական հանրապետության, նախքան քարոզարշավի մեկնարկը առավելություն է ունեցել` ավելի շատ ներկայացնելու իր դիրքորոշումը:

«Ես ամեն օր ժամը 6-ին եմ գործից դուրս գալիս, հազիվ 7-ին տուն եմ հասնում, էլ ո՞նց պիտի նայեմ էդ քարոզարշավը»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Երևանի բնակիչ Քնարիկ Թավաքալյանը:

Հատկանշական է, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել էր Ազգային ժողովի խմբակցություններին եթերաժամ տրամադրելու կարգն ու սահմանված ժամանակացույցերը, Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը նշել էր, որ քարոզարշավի համար տրվող ժամը՝ 18:00-ը, հարմար չէ, քանի որ մարդիկ այդ ժամին աշխատանքից տուն վերադառնալիս են լինում, և ստացվում է, որ տեղեկատվությունը չի հասնում լսարանին:

Աբրահամյանը հիշեցրել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, դիտարկելով հայաստանյան ընտրությունները, խորհուրդ էր տվել եթերային քարոզչությունն իրականացնել օրվա գլխավոր լրատվական թողարկումից հետո:

Թոշակառու Անահիտ Հարությունյանը թեև տանն է լինում քարոզարշավի ժամին, սակայն որևէ բովանդակային, իրեն կողմնորոշվել օգնող տեղեկատվություն չի ստանում քարոզարշավից:

«Կուսակցությունների նման սուր քարոզարշավ չի, միայն ասում են` համաձայնեք, ասեք` այո, ու դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Դե, մի կողմից իրենց [իշխող կուսակցության] ուզածն էն է, որ «այո» քվեարկենք, բայց թե դա ինձ` որպես թոշակառուի ի՛նչ է տալու, չեն ասում»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Հարությունյանը:

Այս առումով հետաքրքրական է, որ ավելի մեծ հասանելիություն ունեցող զանգվածային լրատվամիջոցով` հեռուստատեսությամբ, ավելի շատ իշխող Հանրապետական կուսակցությունն է արտահայտվելու հնարավորություն ստացել` ցույց է տվել Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) դիտարկումը:

ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը չորեքշաբթի ներկայացրել է Հայաստանի 6 հեռուստաընկերություններով հոկտեմբերի 26-նոյեմբերի 5-ը սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավի դիտարկման արդյունքները: Ըստ դիտարկման` «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների եթերային ժամանակը անհավասար է բաշխվում, ըստ ԵՄԱ-ի դիտարկման` խմբակցություններն շատ ավելի են լուսաբանվում, քան այլ շահագրգիռ կողմերը:

«Մենք քարոզարշավի ընթացքում շատ մեծ ակտիվություն ենք տեսնում և՛ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից, և՛ հատուկ ձևավորված քաղաքացիական նախաձեռնություններից, սակայն նրանց ընձեռված եթերաժամանակը շատ քիչ է: Առանձին հեռուստաալիքներով նրանք ունեն նույնիսկ 0 հիշատակումներ և 0 եթերային ժամանակ»,- նշել է Նավասարդյանը` տեղեկացնելով, որ մինչև դեկտեմբերի 6-ը ևս մեկ միջանկյալ զեկույց են հրապարակելու:

Հետաքրքրական է, որ այսօրվանից մեկնարկելու է «Այո և Ոչ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում սահմանադրության փոփոխություններին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում:

«Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են սահմանադրության փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայինում: Հեռուստանախագիծը «Արմնյուզի» և «Ա1+»-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդհատ հեռարձակվելու է Յուքոմ ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը: