Պաշտոնական. դեսպանին շնորհվել է մարդու իրավունքների մրցանակ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում:

«Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները և ժողովրդավարությունը` որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ, խթանելու և պաշտպանելու հարցում», - ասված է հաղորդագրությունում:

«Պետքարտուղար Քլինթոնն առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի և նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունեությունը` ուղղված 2008 թ. փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, և դեսպանի ջանքերը` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ»:

ԱՄՆ կառավարությունը մրցանակի շնորհման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

Մարի Յովանովիչը Հայաստան է ժամանել 2008 թ. սեպտեմբերին և մինչև օրս ակտիվ ներգրավել է քաղաքացիական հասարակությանն ու կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման խթանման գործընթացում ու այդ ամենն արել է հետևողականորեն և իմաստավորված կերպով: Յովանովիչն ակտիվ աշխատել է նաև խթանել կառուցողական մթնոլորտի ստեղծումը, որում քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը կարող են լուծել ժողովրդավարացման ճանապարհին Հայաստանի առջև ծառացած որոշ հրատապ մարտահրավերներ:

Իմանալով մրցանակի շնորհման մասին` դեսպանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից թե լրատվամիջոցներից: Ինչպես նշել է պետքարտուղար Քլինթոնը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ցանկացած բանական էակի բնատուր իրավունքներն են, որոնք մարդու արժանապատվության, միջազգային խաղաղության ու առաջընթացի հիմքն են կազմում: Դիվանագիտական իմ ողջ գործունեության ընթացքում ես հավատացել եմ այդ սկզբունքներին և որտեղ էլ աշխատել եմ, ձգտել եմ խթանել այդ սկզբունքները: 18 տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Ես ուզում եմ օգնել այդ հարցում և ուզում եմ դա անել կառուցողական ճանապարհով»: