«Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովը Երևանում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովի ապրիլի 26-ի առաջին և երկրորդ նիստերը նախագահում էր «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Գիտաժողովի աշխատանքներին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, հյուրեր և այլք:

«Հայ եկեղեցու կանոնական դիրքորոշման ձևավորումը խառնամուսնությունների վերաբերյալ» զեկույցով հանդես եկավ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց մանրամասներ դարերի ընթացքում խառնամուսնությունների հարցում հայ եկեղեցու կանոնական օրենքի ձևավորման գործընթացի վերաբերյալ: Տեր Մարկոսը նշեց, որ միջնադարյան Հայաստանում խառնամուսնությունների պարագայում կարևորագույն պայման էր դավանակից լինելը: Հայ եկեղեցին պսակադրության կարգ էր կատարում հայ եկեղեցու հետևորդի և այլադավանի միջև միայն վերջինիս հայ եկեղեցու հետևորդը դառնալու պարագայում: Եպիսկոպոսն անդրադարձավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու` Սփյուռքում գործող թեմերում եկեղեցիների և հոգևորականների թվի ավելացման անհրաժեշտության հարցին, որը շատ կարևոր նախապայման է` ամուսնությունների, դրանց թվում հատկապես խառնամուսնությունների, հայկական եկեղեցիներում կատարելու առումով:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Վրաստանից ժամանած հայ լրագրող Մարինա Հովհաննիսյանը ներկայացրեց «Խառնամուսնությունները վրացահայերի շրջանում» թեմայի շուրջ իր ուսումնասիրությունները: Նրա զեկույցի համաձայն, Վրաստանի հայերի շրջանում խառնամուսնությունների թիվը մեծ չէ: Հայահոծ շրջաններում` Ախալքալաք, Ախալցխա, Նինոցմինդա, Ծալկա և Մառնեուլ, խառնամուսնություններ գրեթե չեն գրանցվում: Խառնամուսնությունների առումով որոշակի խնդիր կա Թբլիլիսիում: Լրագրողն անդրադարձավ նաև Թբիլիսիում բնակվող հայերի ինքնության խնդրին` նրանց բաժանելով երկու խմբի` լոկ ծագումով հայեր և հայկական ազգային ավանդույթներով ապրող, հայ ինքնությունը պահպանած հայեր:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Արթուր Մկրտիչյանը զեկուցեց «Ազգային ինքնության քաղաքականությունը բեռլինահայ համայնքում» թեմայով: Նա ներկայացրեց մանրամասներ Բեռլինի հայ համայնքի վերաբերյալ և նշեց Երկրորդ Աշխարհամարտից հետո տարբեր երկրներից Գերմանիա ներգաղթած հայերի միջև եղած մշակութային տարբերությունները (պոլսահայեր, լիբանանահայեր, պարսկահայեր, հայաստանաբնակ հայեր և այլն): Նա տեղեկացրեց նաև Բեռլինի հայ համայնքում կազմակերպվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են հայ ինքնության պահպանմանը: Ըստ պարոն Մկրտիչյանի` «հայ ինքնության որակների պահպանման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է դրսևորել համահայկական մոտեցում, իսկ խառնամուսնությունները դիտարկել սոցիալական ցանց ստեղծելու տեսանկյունից»:

«Խառնամուսնությունների երեխաների էթնոնույնականացման առանձնահատկությունների» թեմային անդրադարձավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անահիտ Սահակյանը: Ըստ հոգեբանի, տարբեր ազգության ծնող ունեցող երեխաները էթնոնույնականացման բացակայության հետևանքով հայտնվում են սոցիալ-հոգեբանական բարդ կացության մեջ: Նշելով երեխայի մոտ էթնոնույնականացման երեք փուլերը, զեկուցողը կարևոր համարեց հենց այդ շրջանում նրա վրա ներգործություն ապահովելու անհրաժեշտությունը: Ներկայացնելով մոնոէթնիկ և պոլիէթնիկ միջավայրերի ազդեցությունը Էթնոնույնականացման գործընթացում` տիկին Սահակյանը նշեց, որ պոլիէթնիկ միջավայրում փոքրամասնության խմբին պատկանող երեխաները միտում ունեն իրենց նույնականացնելու գերակա խմբի հետ:

Արվեստագետ Էդուարդ Սասունը հանդես եկավ «Հայ ժողովրդի գենոֆոնդը և խառնամուսնությունները» թեմայի շուրջ զեկույցով: Նա` ինքն ամուսնացած լինելով հնդկուհու հետ և անձամբ ծանոթ լինելով խնդրին` խոսեց խառնամուսնությունների պարագայում երեխաների ինքնության ձևավորման գործում կնոջ կարևորագույն դերակատարության մասին:

Գիտաժողովի աշխատանքների երկրորդ օրվա երկրորդ նիստն սկսեց բանասիարական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Նորավանք» ԳԿՀ «Հայագիտության կենտրոնի» ղեկավար Ռուբեն Մելքոնյանը` «Խառնամուսնությունները և ներքին ամուսնությունները Թուրքիայի հայերի շրջանում» զեկույցով: Անդրադարձ կատարելով Թուրքիայի առաքելադավան և «ծպտյալ հայերի» խառնամուսնությունների վիճակագրությանը` նա արձանագրեց խառնամուսնությունների թվի աճ` հատկապես Ստամբուլի հայերի շրջանում, որը տարբեր հետազոտությունների համաձայն, տատանվում է 10-15%-ից մինչև 40%-ի սահմաններում: Զեկույցի համաձայն 20-րդ դարի առաջին կեսին հայերի շրջանում բացասական վերաբերմունք կար խառնամուսնությունների նկատմամբ, ինչը, ցավոք, չի պահպանվել: Ըստ բանախոսի, խառնամուսնություններն այսօր առավել տարածված են հայ երիտասարդների շրջանում: Ռ.Մելքոնյանը խոսեց նաև «ծպտյալ հայերի» շրջանում ներքին ամուսնությունների շատ մեծ տոկոսային հարաբերության մասին, ինչն, ըստ նրա, պայմանավորված է էթնիկ ինքնապահպանման բնազդով:

«Հայ կնոջ դերը ինքնության պահպանման գործում» զեկույցով պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Սվետլանա Պողոսյանը ամփոփեց երկրորդ նիստի զեկույցների բաժինը: Նա կարևորեց կնոջ դերը միջսերնդային հաղորդակցության ապահովման գործում: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ անկախացումից հետո այլազգիների հետ հայ կանանց ամուսնությունների թիվն աճել է, ինչը բացատրվում է նաև տնտեսական դժվարություններով:
Զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին, ծավալվեց քննարկում:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար: