Օգնություն դաշնակցին. Հայաստանը կօգնի ջրհեղեղից տուժած Տաջիկստանին

Հայաստանը մարդասիրական օգնություն կհատկացնի Տաջիկստանին` վերացնելու այս ամսվա սկզբին միջինասիական հանրապետությում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքները, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել և մեծ ավերածություններ գործել:


Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը «Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշել է Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»:

Անցյալ շաբաթ Տաջիկստանի հարավային շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի և սողանքների, որոնց զոհ են դարձել ավելի քան երկու տասնյակ մարդ, իսկ շատերն անհայտ կորել են:
Բնական աղետի հետևանքով Աֆղանստանի հարակից շրջանում մոտ 100 000 մարդ մնացել է անօթևան, առանց հագուստի և բժշկական պարագաների:

Այս որոշմամբ ՀՀ կառավարությունն արձագանքեց միջինասիական հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի խնդրանքին, որը դիմել էր միջազգային հանրությանը` օգնության ձեռք մեկնել Տաջիկստանին:
Տաջիկստանի իշխանությունները երկրին հասցված վնասները գնահատել են 100 մլն ԱՄՆ դոլար:

Տաջիկստանը նախկին խորհրդային այն հինգ հանրապետություններից է, որը Հայաստանի հետ մեկտեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկիր է: