Ակտիվ ծառայության համար. Աֆղանստանում հայ խաղաղապահները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով

Ակտիվ ծառայության համար. Աֆղանստանում հայ խաղաղապահները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով

Photo: www.mil.am

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով` խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրություն ցուցաբերելու համար:

40 խաղաղապահներից բաղկացած խումբը փետրվարի 14-ից առաքելություն է իրականացնում`աջակցելով ՆԱՏՕ-ի գլխավորած դաշնակից զորախմբերին Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ պայքարում:
Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է գերմանական հրամանատարությանը զեկուցելը, օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկության իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` հայ խաղաղապահների կառուցած հայկական մատուռի առջև:

Սա առաջին անգամ է, որ հայ խաղաղապահները Աֆղանստանում մեդալներ են ստանում: Ինչպես հաղորդվում է, դեռևս մարտին հայկական ստորաբաժանումն արժանացել էր գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` «սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար»: