Էլեկտրոնային մոտեցում. կառավարության նոր կայքն ավելի «դինամիկ և թափանցիկ է»

Այս շաբաթ գործարկված կառավարության նոր նախաձեռնությամբ փորձ է արվել մեկ կայքում մեկտեղել կառավարության էլեկտրոնային ծառայությունները։ Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ նոր կայք ստեղծելու և հինը վերափոխելու նպատակն է ստանալ «դինամիկ կայք և առավելագույն թափանցիկություն»:

Նոր կայքը (www.e-gov.am) կգործի կառավարության պաշտոնական կայքին (www.gov.am) զուգահեռ: www.e-gov.am կայքում տեղադրված է «Ինտերակտիվ բյուջե» ենթաբաժինը, որտեղ ներկայացված են բյուջեի ծախսերը: Ի տարբերություն պաշտոնական կայքի, որը ներկայացված է հայերեն, անգլերեն և ռուսերեն, www.e-gov.am կայքը միայն հայերեն է:

«Սա առաջին քայլն է. մենք չենք հավակնում ասել, որ կայքն ամբողջական է և բոլոր հարցերի պատասխանները կտա, այդ իսկ պատճառով աշխատանքներ են կատարվում գոյություն ունեցող էլեկտրոնային ծառայությունները մեկտեղելու ուղղությամբ»,- հայտնել է Դ. Սարգսյանն ու հավելել, որ առաջիկա ամիսներին ևս կայքը նոր լրացումներով կթարմացվի։

Նոր կայքում ներկայացվելու են նաև կառավարության և վարչապետի որոշումները: Կայքը հնարավորություն է տալիս նաև էլեկտրոնային նամակ ուղարկելու կառավարությանը, հետևելու նամակի ընթացքին, ներկայացնելու հարկային հաշվետվություններ, էլեկտրոնային տեսքով հայտեր (օրինակ` գյուտերի) ներկայացնելու Մտավոր սեփականության գործակալություն: Այն նաև հնարավորություն է տալիս ստանալու էլեկտրոնային վիզա և էլեկտրոնային ստորագրություն: