Մեդվեդև-Սարգսյան հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր

Երեքշաբթի Ռուսաստանի հարավային քաղաքում հանդիպած ՌԴ և ՀՀ նախագահների քննարկման թեմաներից էին հայ-թուրքական հարաբերությունները:


(Ինչպես հաղորդվում է` Սերժ Սարգսյանը Դոնի Ռոստով էր մեկնել` ներկա գտնվելու Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին:)


Ըստ ՌԴ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության, որում մեջբերված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքը Դոնի Ռոստովում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ, «Ներկայիս իրավիճակը պահանջում է կարծիքների փոխանակում»:

«Կան, իհարկե, տնտեսական…տարածաշրջանային հարցեր: Մի խոսքով, ես Ձեզ պատմելու բան ունեմ»,- ասել է Մեդվեդևը, որն անցյալ ամիս այցով գտնվում էր Թուրքիայում:

«Մի քանի կարևոր ուղևորություններ եմ ունեցել, որտեղ, չեմ թաքցնի, քննարկել ենք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, մի շարք այլ հարցեր: Կապեր եմ ունեցել որոշ եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ նախագահը մայիսի կեսին Անկարայում էր: Այցի նպատակը Թուրքիայի հետ էներգետիկ մեծ նախագծերն էին: Մեդվեդևի այցից երեք շաբաթ առաջ Հայաստանը պաշտոնապես առկախել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը` պատճառաբանելով Անկարայի առաջ քաշած նախապայմանները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունում հօգուտ Բաքվի զիջումներ անելու կոչերը:

Մայիսի 12-ին Անկարայում Մեդվեդևը հույս է հայտնել, թե Թուրքիան և Հայաստանը կարող են «լրիվ ծավալով վերականգնել հարաբերությունները» և որ «Ցյուրիխում համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո ստացված դրական լիցքը կշարունակվի»: Մեդվեդևը նաև նշել է, որ «վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բավական հուսադրող քայլեր են արվել: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Բոլոր հարցերը նախօրոք պետք է քննարկեն հակամարտող կողմերը»:

Ո´չ Կրեմլի և ո´չ էլ ՀՀ նախագահի մամլո գրասենյակները չեն մանրամասնել հանդիպման ընթացքում հայ-թուրքական հարաբերություններին և «տարածաշրջանային այլ» հարցերին առնչվող քննարկումները, որոնց մասին նշել էին լրատվամիջոցները:

Սարգսյանի մամլո գրասենյակից հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին նախագահ Մեդվեդևի կատարելիք Հայաստան այցի առնչությամբ: