Նախագահ Սարգսյան. Թուրքիան պատրաստ չէ վավերացնելու արձանագրությունները

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցնելու հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնելու արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում:

«Թուրքիան այսօր փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի և անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղևորության ընթացքում հենց այստեղ` Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որևէ մեկի հետ»:

Դոնի Ռոստովը Սարգսյանի` անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին սփյուռք կատարած մեկշաբաթյա ուղևորության (Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ) հինգերորդ կանգառն էր, որի ընթացքում աշխարհասփյուռ հայկական համայնքների հետ քննարկվեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկամյա ջանքերը: Ուղևորությունը նախորդեց հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Արձանագրություններով նախատեսվում են պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորում և 1993 թ.-ից փակ սահմանների բացում: Սարգսյանն ապրիլին պաշտոնապես առկախել է արձանագրությունների վավերացումը Հայաստանի խորհրդարանում` Անկարայի առաջ քաշած նախապայմանների պատճառով: