Դեսպան Մարի Յովանովիչը կհանդիպի ԱՄՆ հայկական համայնքների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հաղորդում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատրաստվում է հոկտեմբերի 3-14-ը մեկնել ԱՄՆ և հանդիպումներ ունենալ Ֆիլադելֆիայի, Դեթրոյթի, Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի ամերիկահայ համայնքների ներկայացուցիչների հետ:


Դեսպանության հաղորդմամբ` դեսպանը «պատրաստվում է կարծիքներ փոխանակելու Հայաստանում ընթացիկ զարգացումների, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանին ցուցաբերած ԱՄՆ աջակցության շուրջ»:

11-օրյա այցի շրջանակներում Յովանովիչը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա «հայկական համայնքի բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների հետ»: Դեսպանը ցանկություն է հայտնել նաև հանդիպել երիտասարդական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև հոգևորականության ներկայացուցիչների հետ: