Ներկայիս սահմանները. Եվրամիությունն արդիականացնում է Հայաստանի սահմանները

2010 թ. Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 2 մլն դոլար` արդիականացնելու Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերը:

Դեկտեմբերի 19-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագրի մասին, որի շրջանակներում հաջորդ տարի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

Եվրամիությունն այս ֆինանսավորումն իրականացնում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում (ծրագրի նպատակն է առաջիկա տարիներին սերտացնել նախկին խորհրդային վեց հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Բելառուսի կապերը): Ծրագրի նպատակներից մեկը Եվրամիության չափորոշիչներին համապատասխան ինտեգրված սահմանների կառավարման իրականացումն է, որի արդյունքում վիզային հեշտացված ռեժիմ կսահմանվի:

Ինչպես «ԱրմենիաՆաուին» հաղորդեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը, ԱԱԽ-ի աշխատանքային խմբերը փորձում են պարզել սահմանային երկու անցակետերի` Բագրատաշենի և Բավրայի կարիքները:

«Արդիականացումը կկատարվի ըստ առաջնահերթ կարիքների: Առաջինը, հավանաբար, կթարմացվի տեխնիկան»,- ասաց Գասպարյանը:

ԱԱԽ աշխատանքային խումբը մինչև 2010 թ. կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԱԽ հաստատմանը:

Հայաստանն իր չորս հարևաններից (Իրան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Վրաստանի հետ սահմանի երկարությունը մոտ 265 կմ է: