Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, և ասում, որ պայքարը կշարունակի

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, և ասում, որ պայքարը կշարունակի

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Չորեքշաբթի կեսօրին Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր քաղաքացիներին և աջակիցներին, հայտարարել է հացադուլի ավարտի մասին: Սննդից հրաժարվելուց հետո Հովհաննիսյանն ընտանեկան հարմարավետությունից 15 օր հեռու էր մնացել:


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը հացադուլը սկսել էր մարտի 15-ից` ի նշան բողոքի ներկայիս իշխող վարչակարգի, որն ինքն ու իր կուսակիցները համարում են «ոչ լեգիտիմ»: Հովհաննիսյանն ասում է, որ պետք է «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:

Լրատվամիջոցների և Հովհաննիսյանի բազմամարդ աջակիցների առաջ քահանան հրապարակում աղոթք ասաց, և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը խորհրդանշական կերպով մի պատառ հաց ճաշակեց:

Սակայն ընդդիմադիր առաջնորդն ասել է, որ կշարունակի իր պայքարը:

«Այդ պայքարի մեջ չի լինելու առաջամարտիկ կամ հետնապահ… Բոլորը պետք է մաս կազմեն այն ճանապարհի, որը մեզ տանելու է անտարակույս ազատ, արդար, արժանապատիվ և ապագայի Հայաստան: Այդ ապագան մենք պետք է դարձնենք ներկա»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ծոմ ազատությունից» մեկ օր առաջ Հովհաննիսյանին զննելուց հետո բժիշկը մտահոգություն էր հայտնել նրա առողջության վերաբերյալ:

«Այս ամենին ավելանում է ընտանեկան և անձնական պահ` վաղը լրանում է իմ աչքի լույս Շուշիի ծննդյան 18-րդ տարեդարձը, և նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու իմ ընտանիքի առաջ»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, թե Հայաստանում իր գործունեության բերմամբ թերացել է հայրական պարտականությունների կատարման մեջ և իր երեխաների նկատմամբ չմարած պատասխանատվություն ունի:

Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքը բազմաթիվ արձագանքներ ունեցավ երկրի մտավորականների շրջանում:

Հովհաննիսյանին զորակցող հայ մտավորականների ֆորումի` ՀՀ իշխանություններին և քաղաքացիներին ուղղված բաց նամակում ասվում է. «Քաղաքականությունը բարոյականությանը ստորադասելու քայլն արված է»:

Ավելի վաղ 35 մտավորական կոչով դիմել էր Հովհաննիսյանին` ասելով. «Մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` մտավորականներս, հասարակական գործիչներս, բարձր ենք գնահատում Ձեր «Ծոմ ազատության» խորհրդանշական անվանմամբ հացադուլը»: Ըստ նրանց` քաղաքացիական այս նախաձեռնությամբ` «քաղաքականությունը բարոյական հիմքերի վրա դրվեց» և «նոր առանձնահատկությամբ օժտեց ընդդիմությանը»: Ուղղակիորեն կոչ չանելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը` նրանք հորդորեցին նրան «քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով և առաջնորդել ապագայի փոփոխություններին հասնելու գործընթացները` խորհրդարանի ամբիոնից մինչև հրապարակ, հրապարակախոսությունից մինչև հանրահավաք»:

Ավելի քան երկու շաբաթ տևած բողոքի ակցիայի ընթացքում Հովհաննիսյանին այցելել են հազարավոր մարդիկ` տարբեր քաղաքական հայացքներ ու դիրքորոշում ունեցող շարքային քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Հացադուլի ժամանակ Հովհաննիսյանը ստիպված է եղել գարնանային մի քանի ցուրտ գիշերներ անցկացնել բաց երկնքի տակ` Ազատության հրապարակի նստարաններից մեկի վրա, քանի որ ոստիկանությունն արգելում էր վրան տեղադրել:

Հովհաննիսյանին ացելողների թվում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը հորդորել էր Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից, սակայն 51-ամյա քաղաքական գործիչն ու մարդու իրավունքների ջատագովն ասել էր, որ «անժամկետ» հացադուլը կշարունակի այնքան, որքան առողջությունը կների:

Ամերիկահայ քաղաքական գործչին այցելել են նաև օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ի թիվս որոնց` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտական ներկայացուցիչները:

Հովհաննիսյանին այցելել են նաև մարդիկ, որոնք աջակցում են Հայաստանի ավելի մեծ ընդդիմադիր դաշինք հանդիսացող Հայ ազգային կոնգրեսին, որի ղեկավարը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, հրաժարվել էր մոտենալ և ողջունել Հովհաննիսյանին, երբ իր աջակիցներին մարտի 17-ին եռամյա դադարից հետո առաջին անգամ թույլատրել էին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հովհաննիսյանն այս քայլը որակել էր ոչ թե քաղաքական մշակույթի պակաս, այլ Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքորոշում:

Չնայած Տեր-Պետրոսյանի քամահրանքին և ընդդիմադիր (բայց հակառակորդ) գործչին չողջունելու հետագա մեկնաբանություններին (ԼՏՊ Ավետարան. «բարոյական կոդեքս»-ով մեկնվում է Հովհաննիսյանի նկատմամբ քամահրանքը), որոնք միանշանակ չընդունվեցին անգամ ՀԱԿ-ի անդամների կողմից, Հովհաննիսյանը շարունակեց ընդդիմադիր դաշտի միասնության իր կոչը, քանի որ իշխանություններն ամրապնդել են իրենց դիրքերը` փետրվարին կոալիցիոն նոր համաձայնագիր ստորագրելով: