Գլխավոր ընդդիմադիրը նախազգուշացնում է իշխանությանը. համաձայնել արտահերթ ընտրությունների կամ դիմակայել «համաժողովրդական ճնշմանը»

Գլխավոր ընդդիմադիրը նախազգուշացնում է իշխանությանը. համաձայնել արտահերթ ընտրությունների կամ դիմակայել «համաժողովրդական ճնշմանը»

Ֆոտոլուր

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում տեղի ունեցող երկխոսությունը իշխանական կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի միջև գնահատում է որպես ժողովրդի «պարտադրանքի արդյունք»:

Հինգշաբթի անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ թեև պաշտոնապես բանակցություններ են վարում ՀԱԿ-ի ու իշխանության պատվիրակությունները, ժողովուրդն էր, որ կանգնած էր ՀԱԿ-ի թիկունքում:

«Իրականում ես այլ կերպ կանվանեմ ընթացող բանակցությունները` Ազատության հրապարակի պատվիրակության և իշխանության պատվիրակության միջև բանակցություններ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական այսօրվա իրավիճակում նա տեսնում է միայ երկու կարգի զարգացումներ`արտահերթ ընտրություններ կամ երկխոսության միջոցով, կամ համաժողովրդական ճնշման ներքո։

Փաշինյանի խոսքով` եթե իշխանությունները չանցկացնեն արտահերթ ընտրություններ ՀԱԿ-ի սահմանած ժամկետում, տեղի կունենա ջրբաժան:

«Եթե արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարենք սպառված, ապա Հայ ազգային կոնգրեսն այդ բանակցություններում անելու բան չի ունենա, անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- ասում է նա:

«Հայկական ժամանակի» խմբագիրը համոզված է, որ իրենց չեն կարող համոզել կամ ստիպել հրաժարվել առաջադրված պահանջներից, նույնիսկ փոխզիջումներ ակնկալելն է սխալ:

«Արտահերթ նախագահական ընտրությունները՝ իշխանությանն անցնցում հեռանալու հնարավորություն տալն արդեն իսկ մեր կոմպրոմիսն է»,- կարծում է Փաշինյանը:

Հունիսի 30-ին իր վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին մինչև սեպտեմբեր ժամանակ է տվել` որոշելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մերժում են արտահերթ ընտրություններ անցկացնելու այդ գաղափարը, սակայն հաստատում են, որ այդ հարցն ընթացիկ բանակցությունների օրակարգում է:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է օգոստոսի 2-ին, իսկ ՀԱԿ-ի և իշխանության պաշտոնական պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 4-ին: