Ծառուկյան. ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմի Հանրապետական կուսակցության հետ

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը կոալիցիա չի կազմի իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ:


Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը վերջ դրեց այն ենթադրություններին, որոնք շրջանառվում էին՝ սկսած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից, որոնցում ՀՀԿ-ն ստացավ ձայների մեծամասնությունը և հաջորդ կառավարությունը կազմելու իրավունքը:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերն իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»,- ասված է Ծառուկյանի հայտարարությունում:

Խորհրդարանական ընտրություններում 30 տոկոս հավաքած կուսակցությունը 11-ով ավելացրել է իր տեղերը հինգերորդ գումարման Ազգային ժողովում` 26-ից հասցնելով 37-ի:

Հետաքրքրական է, որ հինգշաբթի առավոտյան հայաստանյան ընդդիմադիր մամուլը գրել էր, որ երեկ ուշ երեկոյան հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը և համաձայնության հանգել կոալիցիա կազմելու շուրջ, ինչը փաստորեն հերքվեց Ծառուկյանի այս հայտարարությամբ:

Ծառուկյանն իր հայտարարությունում նշել է նաև, որ ԲՀԿ-ն ունենալու է «խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում»։

«Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»,- ասված է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունում:

Ծառուկյանի այս հայտարարությունը քաղաքագետներին հիմք է տալիս եզրակացնելու, որ փետրվարին կայանալիք ընտրություններում կուսակցությունը կունենա սեփական թեկնածուն: Ծառուկյանը երկար ժամանակ խուսափում էր ասել, թե արդյոք 2013-ին կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` դրա վերաբերյալ հարցերին պատասխանելով իր թևավոր «այդ մասին հաջորդ դասին» արտահայտությամբ: Իսկ ՀՀԿ-ականները քանիցս են հայտարարել, որ, եթե կոալիցա կազմվի, ապա դրա անդամները պետք է նախագահական ընտրություններում սատարեն Սարգսյանի թեկնածությունը:

Այսօրվա հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տալիս, թե արդյոք ԲՀԿ-ի «կնքահայրը» համարվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թեկնածությունը կդնի՞ գալիք նախագահական ընտրություններում: Հարց է առաջանում նաև, թե ինչ դեր կունանա վերջերս ԲՀԿ անդամ դարձած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս քարոզարշավում, որը ոչ պաշտոնապես մեկնարկեց Ծառուկյանի այսօրվա հայտարարությամբ: