Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ

Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ

Photo: www.gov.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ նոր կառավարության ղեկավար նշանակելու մասին:


Շաբաթ նախագահի մամլո գրասենյակի տարածած կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ «նախագահ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր (հունիսի 2-ին) հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին»:

Շաբաթ ավելի վաղ նորանշանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին ասել էր, որ նախագահ Սարգսյանն այս հարցի շուրջ խորհրդակցության էր հրավիրել գործադիր մարմնում և խորհրդարանական խմբակցությունում ներգրավված կուսակցության առաջատար ներկայացուցիչներին:

52-ամյա Տիգրան Սարգսյանը ղեկավարել է ՀՀ կառավարությունը 2008-ի ապրիլից ի վեր: Մինչ այդ նա 10 տարի եղել է Կենտրոնական բանկի նախագահը: Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ է 2009-ի նոյեմբերից:

ՀՀԿ-ը, որն առաջնորդում է նախագահ Սարգսյանը, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների բացարձակ մեծամասնություն՝ իրեն վերապահելով կառավարությունը կազմելու և գործադիր իշխանության ղեկը ստանձնելու պարտականությունները:

ՀՀԿ-ն ներկայումս պատրաստվում է նոր կառավարություն կազմել «Օրինաց երկրի» հետ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելուց հետո: Վերջինս հինգերորդ գումարման Ազգային ժողովում քիչ թվով պատգամավորներ ունի: