Ընտրություններ 2013. ԲՀԿ-ն առաջարկում է «տեխնիկական» նախագահ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար

Ընտրություններ 2013. ԲՀԿ-ն առաջարկում է «տեխնիկական» նախագահ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար

Ֆոտոլուր

Իր մեծությամբ երկրորդ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցությունն առաջարկել է ընդդիմության համախմբման համար լավ գաղափարական հենք: ԲՀԿ-ն առաջարկել է 2017-ին անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ 2013 թ. հարկ կլինի միայն ընտրել «տեխնիկական» նախագահ, որը սահմանադրական բարեփոխումներ կիրականացնի:

Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատների շուրջ 40%-ը ստացան ընդդիմադիր կամ այսպես կոչված այլընտրանքային կուսակցությունները: 2013 թ. փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախաշեմին առավել հրատապ է դարձել ընդդիմության միասնական թեկնածուի մասին հարցը: Առաջադրվելու մտադրության մասին առայժմ հայտարարել է միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսներն ասում են, որ համախմբման համար գաղափարական հենք չկա:

Այժմ այդ հենքը հայտնվել է: Ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը վաղուց էին առաջարկում անցում խորհրդարանական համակարգի, ԲՀԿ առաջարկությունն անուղղակիորեն նշանակում է, որ այսպես կոչված «տեխնիկական» նախագահ կառաջարկի հենց այս կուսակցությունը: Եվ դա, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայկական ԶԼՄ-ները հայտարարությունից անմիջապես հետո ենթադրություններ արեցին, որ նման թեկնածու կարող է լինել նաև Սերժ Սարգսյանը, եթե նա համաձայնվի կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարին:

Սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավական կոշտ տոնով մեկնաբանեց ԲՀԿ հայտարարությունը: Նա այդ հայտարարությամբ «հանկարծահաս» հանդես եկողների հետևում տեսնում է այն մարդկանց, «որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն»: «Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»,- հայտարարեց Շարմազանովը: Վերլուծաբանները ենթադրում են, որ նա ակնարկում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ընդսմին, ընդդիմադիր դաշտում արդեն սկսվում են խորհրդակցությունները: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ կոնկրետ գաղափարի շուրջ քաղաքական ուժերի համախմբումը կարևոր է, սակայն իրենք առաջարկում են իշխանափոխություն և արտագաղթի կանխում:

«Մենք ունենք հզոր, կոնսոլիդացնող թեկնածու, որը, համոզված եմ, որ նշածս մարտահրավերի դեմ կարող է պայքարել. դա Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- նշել է նա: Սակայն հավելել է, որ Կոնգրեսը կքննարկի ԲՀԿ առաջարկությունը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիշեցրել է, որ իր կուսակցությունը մշտապես հանդես է եկել և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, և կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությամբ:

«Շատ ողջունելի է, որ ԲՀԿ-ում եկել են ոչ միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու տեսակետին, այլև պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից են: Բնականաբար, այս հարցերի շուրջ նրանց հետ կոնսուլտացիաները հնարավոր են»,- նշել է նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես ընդգծել է, որ նորմալ են վերաբերվում այդ առաջարկին, «մանավանդ որ, ինքներս ենք միայն բազմիցս խոսել այդ մասին, նույնիսկ նախորդ գումարման ԱԺ-ում նման օրենսդրական նախաձեռնություն ես եմ ներկայացրել»: Եթե ԲՀԿ-ն դիմի խորհրդակցությունների առաջարկությամբ, խնդիրներ չեն լինի, նշել է նա:

Փաստորեն, իրադարձությունները կարող են զարգանալ երկու հավանական սցենարով: Հնարավոր է` կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարը չընդունի Սերժ Սարգսյանը, և այս գաղափարի շուրջը սկսեն համախմբվել ընդդիմադիր ուժերը, որոնք միասնական թեկնածու կառաջադրեն: Այդ ժամանակ միասնական թեկնածուի կոչմանը կհավակնեն Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին, և, ամենայն հավանականությամբ, Վարդան Օսկանյանը:

Երկրորդ տարբերակը` Սերժ Սարգսյանը կհամաձայնի այդ գաղափարին, ինքը կդառնա դրա կրողը` դրանով իսկ չեզոքացնելով ընդդիմության գաղափարական հենքը: