Սիրաշահել եվրոպացիների՞ն. Ծառուկյանի այցը Բրյուսել դիտվում է առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում

Երեքշաբթի սկսվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկօրյա այցը Բրյուսել, որը մտադիր է հանդիպելու Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Արտաքի գործերի գործակալության, Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանում իսկույն սկսեցին գուշակություններ անել, թե ինչի´ էր Ծառուկյանին անհրաժեշտ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին իր որոշման մասին հայտարարելուց առաջ Բրյուսել մեկնել: Ինչպես հայտնի է, Հայաստանում մոտենում է թեկնածուների առաջադրման ժամանակը, իսկ իր մեծությամբ երկրորդ կուսակցության` ԲՀԿ առաջնորդն այդպես էլ չի ասել, թե արդյոք ինքը կառաջադրվի՞ կամ կսատարի՞ մեկ ուրիշին:

«Ֆեյսբուքի» իր էջում նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը փորձել է բացատրել, թե ինչո´ւ է իր կուսակցության առաջնորդը Բրյուսել մեկնել: Օսկանյանի խոսքով` այցը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ` հաստատել եվրոպական գաղափարները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: Երկրորդ` ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը: Երրորդ` Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:

Չորրորդ` եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ:

Փորձագետներն ասում են, որ Ծառուկյանը, հավանաբար, որոշել է « «դիվերսիֆիկացվել»: «Բարգավաճ Հայաստանն» ընդունված է համարել Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության «պրովայդեր», ԲՀԿ-ն ակտիվորեն քարոզում է Հայաստանում ռուսաստանյան աշխարհաքաղաքական նախագծեր, այդ թվում` Եվրասիական: Իսկ Հայաստանում այժմ ընդունված է խոսել եվրաինտեգրման մասին: «Հարկ էր ենթադրել, որ Ռուսաստանը կփորձի տապալել ԲՀԿ միջոցով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, և Գագիկ Ծառուկյանի «դիվերսիֆիկացումը» ԲՀԿ-ին զերծ կպահի Ռուսաստանի բութ գործիք դառնալուց»,- գրում է «Լրագիր» թերթը:

Սակայն կարծիք կա, որ Ծառուկյանը հենց Բրյուսելից կհայտարարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Եվրոպացի պաշտոնյաների հետ զրուցելով` նա կարող է «համոզվել», որ Սերժ Սարգսյանը այն միակ մարդն է, ով ունակ է Հայաստանը բերել եվրոպական ընտանիք: Իսկ քանի որ, ինչպես ասում է Օսկանյանը, ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել Հայաստանում եվրոպական արժեքների ինստիտուցիոնալացմանը, Ծառուկյանը չի կարող չսատարել եվրոպամետ Սարգսյանին:

Նման ելքը հնարավոր է նաև այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանի նախընտրական սիրախաղը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ չի կայացել: Արդեն կարելի է պնդել, որ միասնական թեկնածուի թեկնածությունը չի հաջողվել համաձայնեցնել, և Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածուին: Այն կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը: