Ընդդիմադիր խմբերը կասկածի տակ են առնում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հիմքերը, պաշտոնյաներն այլընտրանք չեն տեսնում

Ընդդիմադիր խմբերը կասկածի տակ են առնում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հիմքերը, պաշտոնյաներն այլընտրանք չեն տեսնում

Ֆոտոլուր

Խոշոր ընդդիմադիր խմբերը վիճարկում են այս շաբաթվա վերջին Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու Հայաստանի իշխանությունների որոշումը:


Հինգշաբթի Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը տարածած հայտարարության մեջ այս որոշումը որակել է հակասահմանադրական:

«ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքի ավագանին է սահմանում տեղական հարկերը, տուրքերը և վճարները: Վերոհիշյալից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումը հակասահմանադրական է և իրավական ուժ չունի»:

Հիմնականում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամներից բաղկացած Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը նույնպես իր վրդովմունքն է հայտնել է ուղեվարձի բարձրացման առնչությամբ: Նա ասել է, որ չի տեսնում բարձրացման համար հիմնավոր պատճառներ և կոչ է արել ավագանու իշխող մեծամասնությանը արտահերթ նիստ հրավիրել այս հարցով:

Երևանի քաղաքապետարանը հինգշաբթի հայտարարել է, որ հուլիսի 20-ից ավտուբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը կբարձրանա 50 տոկոսով, իսկ տրոլեյբուսի ուղեվարձը կկրկնապատկվի:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանի՝ ավտուբուսների ու միկրոավտոբուսների և տրոլեյբուսի ուղեվարձը կդառնա 150 և 100 դրամ (մոտ 35 և 25 սենթ) համապատասխանաբար:

Նավասարդյանը նշել է, թե մայրաքաղաքում տրանսպորտի թանկացումը պայմանավորված չէ վերջերս գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, այլև թելադրված է այլ մի շարք գործոններով՝ վառելիքի, ավտոպահեստամասերի, մեքենաների շուկայական գնի բարձրացմամբ և այլն: Նրա խոսքով՝ նոր սակագինը տնտեսավարողներին հնարավորություն կտա թարմացնելու տրանսպորտային միջոցները և բարձրացնելու սպասարկման որակը:

«Գիտակցում ենք, որ յուրաքանչյուր թանկացում, 1 դրամի բարձրացում, ազդելու է բնակչության վրա, այլընտրանքային տարբերակ չկա»,- նշել է նա:

Մինչդեռ սոցիալական ցանցերում բազմաթիվ խմբեր են բացվում՝ հորդորելով 150 դրամ չվճարել և այս հարցով բողոքի ակցիաներ կազմակերպել: