Ընդդիմանալով եռյակին. ոչ իշխանական ուժերին քննադատում են իշխող կուսակցության անդամները և այլ ընդդիմադիրներ

Ընդդիմանալով եռյակին. ոչ իշխանական ուժերին քննադատում են իշխող կուսակցության անդամները և այլ ընդդիմադիրներ

Ֆոտոլուր

Մինչ Ազգային ժողովի երեք ոչ իշխանական կուսակցությունները պատրաստվում են իրենց աշնանային երկրորդ հանրահավաքին, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, անընդունելի համարելով հանրահավաքին որդեգրած եռյակի մարտավարությունը, քաղաքական պայքարի է դուրս եկել թե՛ վերջինիս, թե՛ իշխանությունների դեմ հանուն հանրային օրակարգի ձևավորման:

Ու քանի դեռ իշխանության գլուխ Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում բանակցություններ վարելու ոչ իշխանական ուժերի հետ, քաղաքագետները տարակարծիք են` որքանով արդյունավետ կլինի քաղաքական եռյակի՝ իշխանափոխության հասնելու գործընթացը:

Երկուշաբթի ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են հաջորդ հանրահավաքի օրը` հոկտեմբերի 24-ը, ինչը չէին արել նախորդ ուրբաթ՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքի ընթացքում:

Հատկանշական է, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Ազատության հրապարակը ամբողջությամբ լցրած մասնակիցների` «հիմա, հիմա» կոչերին պատասխանել է, որ «հիմա»-ն սխալ մարտավարություն է, թեպետ հայտարարել է, որ երկիրը աղետից փրկելու համար անհրաժեշտ են նոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:

«Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք»,- իր ելույթում նշել է Տեր-Պետրոսյանը:

Մինչդեռ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանը երկուշաբթի արձագանքել է, որ ոչ իշխանական եռյակի հետ բանակցությունների անհրաժեշտություն չկա:

«Մենք պիտի հասկանանք՝ ի՞նչ առաջարկենք. պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որևէ մեկդ կարո՞ղ եք ձևակերպել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սահակյանը:

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման նախաձեռնող անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եռյակի` հանրահավաքում առաջարկվող իշխանափոխության քայլերը քաղաքական իշխանությունը բաժանելու, կիսելու սակարկություն է որակել, որի ընթացքում անտեսվում է ժողովրդի կարծիքը։

«Ընտրվում է այնպիսի մարտավարություն, որ քաղաքական դաշտում ուրիշ որևէ մեկը հանկարծ նախապատրաստություններ չտեսնի, ամբողջ քաղաքական դաշտը պահեն»,- երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Փաշինյանը` զուգահեռներ անցկացնելով 2008-ից հետո հանրահավաքներում խոստացվող իշխանափոխությունն ու դրա տեղի չունենալը:

Այդուհանդերձ, մարդկանց ընդդիմադիր տրամադրությունները ակտիվ պահողը դեռ մնում է ոչ իշխանական եռյակը, որտեղ, ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի, միավորվել են խոշոր կապիտալն ու հանրային աջակցություն ունեցող ուժերը:

«Ոչ ընտրական փուլում 40 հազարի հասնող հանրահավաքը ցույց է տալիս, որ նրանք շատ ուժեղ են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գրիգորյանը` շեշտելով, որ այս գործընթացը մնացել է հանրահավաքին մասնակցող մարդկանց փոփոխության հասնելու միակ հույսը:

(Սակայն ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին ներկա էր 16.000 մարդ):

«Սահմանադրական փոփոխությունների չանցկացմանը հասնելը ամենակարևորներից է [եռյակի համար], որովհետև սահմանադրական փոփոխությունները ամենամեծ վտանգն են քաղաքական ուժերի համար: Բոլորը հասկանում են, որ եթե դրանք տեղի ունեցան, Սերժ Սարգսյանը կիշխի Հայաստանում մինչև կյանքի վերջը, որի պատճառով էլ այն դառնում է ամենակարևոր քաղաքական գործոնը»,- ասում է քաղաքագետը:

Սակայն քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում կարևոր է ոչ այնքան քաղաքական ուժերի պոտենցիալը, որքան հասարակության:

«Շուրջ 40-45.000 մարդ կար ուրբաթ հանրահավաքում, բայց եթե դա համադրում ենք Հայաստանում բավական վատ ապրող ու արդարության ձգտող մարդկանց թվի հետ, շատ քիչ է ստացվում: Եթե Երևանի տոնավաճառներում աշխատողների կեսը գար, եթե կարմիր գծերից դժգոհ ավտոտերերի կեսը գար, 4-5 անգամ ավելի շատ մարդ կլիներ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բադալյանը: