Խունացած կարմիրներ. կոմկուսից անջատվածները միանում են «արևմտամետ» կուսակցությանը

Կոմկուսից հեռացած մի խումբ հայտարարել է, որ միանում է դժվար ժամանակներ ապրող «Օրինաց երկիր» կուսակցությանը (ՕԵԿ), քանի որ, խմբի առաջնորդի խոսքերով, իրենք «ընդհանուր նպատակներ» ունեն:

2004 թ. Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս եկած 700 կոմունիստների առաջնորդ Սանատրուկ Սահակյանն այս շաբաթ հայտարարել է «Սոցիալական արդարություն» միության ստեղծման մասին, որն ինտեգրվել է ՕԵԿ-ին:

«Մենք տեսնում ենք այն դաշտը, որտեղ կարող ենք շարունակել մեր պայքարը»,- ասել է հայ կոմերիտականների նախկին առաջնորդ Սահակյանը: - Ցավոք, գաղափարախոսությունը տասներորդական պլան է մղվել»:

Սահակյանը իշխող կոալիցիայից քաղաքական տարաձայնությունների պատճառով գարնանը դուրս եկած ՕԵԿ-ին հզոր ընդդիմադիր ուժ է համարում: Բացի այդ, ըստ Սահակյանի, նրանց նպատակները` սոցիալական արդարության հասնելը, համընկնում են: Նա հավելել է, որ ինտեգրվելով` իշխանությունների դեմ ավելի արդյունավետ կպայքարեն, քան դաշինք կազմելով:

ՕԵԿ-ի դռները բաց են այն ուժերի համար, որոնք մերժում են այն ամենը, ինչի դեմ պայքարում է կուսակցությունը` երկուշաբթի ասել է կոմունիստների խմբի հանդիպմանը ներկա ՕԵԿ-ի ներկայացուցիչը:

«Գուցե մեր որոշ տեսակետներ չեն համընկնում, բայց մեր ընդհանուր քննարկումների արդյունքում նրանք [կոմունիստները] եկել են այն եզրակացության, որ ՕԵԿ-ի և իրենց ծրագրերն ու նպատակները համընկնում են»,- ասել է ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանը, որը ներկա է եղել երկուշաբթի օրվա հանդիպմանը:

Մայր Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը ծաղրել է այս քայլը` ասելով, որ դրանով հեռացած անդամները ցույց են տալիս, որ կորցրել են կոմունիստի դեմքն ու սկզբունքները:

Ոմանք կարող են այս քաղաքական ամուսնությունը տարօրինակ անվանել: Իր ռուսամետ դիրքերով, մասնավորապես Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության օգտին կոչերով հայտնի Սահակյանը այժմ համագործակցում է մի ուժի հետ, որի առաջնորդը` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը, շատերի կողմից ընկալվում է որպես հակառուսական ելույթներով հայտնի արևմտամետ գործիչ:

Ուշագրավ է, որ կոմունիստներից անջատված մեկ այլ խմբի ղեկավար` Միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրի Մանուկյանը, հանդես է գալիս ավելի իշխանամետ դիրքերից: Մասնավորապես, վերջերս նա չորս այլ փոքր կուսակցությունների հետ հրապարակավ սատարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահական հավակնությունները:

Մի քանի ամիս առաջ Սահակյանի և մի շարք նախկին կոմունիստների, այդ թվում` Մանուկյանի միավորման կոչը մերժվել է իրենց «իսկական կոմունիստներ» հորջորջողների առաջնորդ Ռուբեն Թովմասյանի կողմից: Ավելի ուշ Թովմասյանը հայտարարել է, որ ՀԿԿ-ը 2007 թ. ընտրություններին միայնակ է մասնակցելու`ընդգծելով, որ «հաղթանակը կամ պարտությունը» որևէ այլ քաղաքական ուժի հետ կիսելու մտադրություն չունի:

Մի շարք պառակտումների հետևանքով (ինչպես ենթադրում են` իշխանությունների կազմակերպած) քաղաքական կշիռը կորցրած հայ կոմունիստները, որոնք 1999 թ. խորհրդարանական ընտրություններում ստացան ընտրողների 12 տոկոս ձայներ (զիջելով միայն Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ղեկավարած դաշինքին), 2003 թվականին հավաքեցին ընդամենը 2 տոկոս ձայներ և դուրս մնացին խորհրդարանից: Կուսակցության ներսում եղած տարաձայնությունները կուսակցությանը հինգ տարբեր խմբերի են բաժանել, որից ամենախոշորն իրեն անվանում է մայր կուսակցություն:

Ի տարբերություն այլ կուսակցությունների` կոմունիստները տնտեսության պետական վերահսկողության վերականգնման կողմնակից են: Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու շարժումը կոմունիստների մեկ այլ գերակայություն է: Սակայն համաձայն վերջերս անցկացված հարցումների արդյունքների` կոմունիստներին համակրում է Հայաստանի բնակչության մի փոքր մասը միայն, հիմնականում` խորհրդային տարիների նկատմամբ կարոտախտով համակված ավագ սերունդը: