Հակաքրեական պայքարը` որպես քաղաքական պլատֆորմ. ընդդիմադիր կոալիցիան խոստանում է տալ «քրեականների» անունները

Սեպտեմբերի 28-ին 14 ընդդիմադիր կուսակցություններ և երկու ՀԿ-ներ ստորագրեցին հակաքրեական շարժման հայտարարագիր` միավորվելով միասնական հակաքրեական շարժման մեջ:

Շարժումը գլխավորող «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հինգշաբթի հայտարարեց իրենց նպատակների մասին:

«Մեր խնդիրն է հասարակությանն իրազեկել ու ցույց տալ, որ իշխանության մի մեծ հատված քրեականացված է: Նրանց միջոցով քրեականացվում է նաև քաղաքական դաշտը,- ասաց Կարապետյանը: - Նրանց դեմ պետք է պայքարեն քաղաքական ուժերը` հասարակության լայն զանգվածների և ԶԼՄ-ների հետ»:

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանական բուրգում հայտնված կրիմինալը ծավալել է քրեածին ֆինանսական միջոցների լայնածավալ գործընթաց` ոտնահարելով երկրի հիմնական օրենքի`Սահմանադրության առանցքային դրույթները: Կարծիք է հայտնվում, որ այս հանցավոր գործողությունները Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի բացահայտ թողտվության և խրախուսման հետևանք են:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կոչ է արել Արամ Կարապետյանին հրապարակել կրիմինալ տարրերի անունները: Կարապետյանն ընդունել է մարտահրավերը և տվել առաջին անունը` խոստանալով շարունակել ցուցակը:

Կարապետյանը տվել է մի քանի օր առաջ հարկային ոստիկանության պետ Շահեն Հովասափյանի սպանության մեղադրանքով ձերբակալված Արմեն Վիրաբյանի (մականունը` Շվարց) անունը:

Կարապետյանը պնդում է, թե իմանալով, որ Վիրաբյանը մասնակցել է Մոսկվայում իրականացված հայտնի քրեական գործողությանը, նրան թույլ են տվել պաշտոն զբաղեցնել հարկային ծառայությունում:

«Իմանալով այդ փաստերը` ինչպե՞ս է այդ մարդը մնացել համակարգում, մի համակարգից տեղափոխվել այլ համակարգ, և այդպիսի պաշտոն զբաղեցրել հարկային ծառայությունում»,- ասում է Կարապետյանը` ավելացնելով, որ իր հարցն ուղղված է ՀՀ վարչապետ Մարգարյանին և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Կրիմինալի ցուցակի հաջորդ անունը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է: Նրա անունը բարձրաձայնել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի` Աբրահամյանի սեփականությունն են 50-ից ավելի օբյեկտներ, 10-ից ավելի գործարաններ ու գինու կոմբինատներ, 5-ից ավելի ավտոձեռնարկություններ: Նախարարը բաժնեմաս ունի նաև սեփականաշնորհված «Արարատ-ցեմենտ» ձեռնարկությունում: Ունի սեփականաշնորհված տարածքներ Սևանում ու Հանքավանում:

«Ի՞նչ աշխատանքով, ի՞նչ աշխատավարձով է այդ կարճ ժամանակահատվածում, 1988-ին ոմն ավտոլվացող կամ ավտոպահեստամասեր վաճառող, որ այսօր նախարար է, ձեռք բերել այս ամենը: Եթե արդար է` թող մեզ պատժեն, եթե ոչ` թող նա պատասխանատվության ենթարկվի»,- ասում է Մարգարյանը:

Աբրահամյանի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատուՄարգարիտ Մարգարյանն ասաց «ԱրմենիաՆաուին», որ նախարարը պաշտոնական պատասխան չունի, սակայն պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել` Գառնիկ Մարգարյանի մեղադրանքները հերքելու նպատակով:

Իսկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուկ Գասպարյանն ասում է, որ կարող է մի 100 անուն տալ, «բայց ինչո՞ւ ինձ վտանգի ենթարկեմ: Ես ասում եմ երկու անուն` Քոչարյան, Սարգսյան: Եթե հետո ինձ մի բան լինի, իմացեք, որ էս երկուսի մատն է»:

«ԱրմենիաՆաուն» փորձեց պատասխան ստանալ պաշտոնյաներից: Նրանցից ոչ մեկը պաշտոնական պատասխան չտվեց, ոմանք էլ ասացին, որ նման մեղադրանքները մեկնաբանման արժանի չեն:

Կարապետյանն ասում է, որ անունների հրապարակումը կշարունակվի հանրային լսումների, քննարկումների ժամանակ:

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, որ իշխանությունները հասկանում են, որ իրենց քիչ ժամանակ է մնացել, և այժմ ներքին ռեսուրսներն են մոբիլիզացնում` անձնական շահերը բավարարելու նպատակով:

«Հայաստանը` իր 4000 տարվա պատմությամբ, այսօր պատանդ է դարձել մի քանի հանցագործների ձեռքին: Բայց երկրի համար մենք էլ ենք պատասխանատվություն կրում: Այս երկիրը ոչ մեկին նվեր չեն տվել, ու այս երկիրը ոչ մեկն իր տնից չի բերել, այն ժողովրդինն է: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ հասարակությունը հավատա, վստահի ու աջակցի մեզ, հակառակ դեպքում կկորցնենք մեր պետականությունը»,- ասել է Հովհաննիսյանը:

Հայտարարության հեղինակներն ասում են, որ ժողովուրդը լավ գիտի, թե ովքեր են այդ քրեականացված տարրերը, պարզապես վախենում է բարձրաձայնել: Իսկ ընդդիմությունը պարտավոր է ոչ միայն իրազեկել, այլև փաստերով ապացուցել:

Հայտարարությանը չեն միացել ԱԺՄ և «Ժառանգություն» կուսակցությունները: Ստորագրելու պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի դեմոկրատական, «Դաշինք» և ՕԵ կուսակցությունները: