Ներկա և ապագա իշխանություններ. ովքե՞ր կլինեն թեկնածուները 2008 թվականին

Ներքաղաքական ջերմաստիճանը Հայաստանում գնալով բարձրանում է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ յոթ ամիս հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը փաստորեն մեկնարկել է:

Սակայն նախընտրական զարգացումներում տեղ են գտնում նաև նախանախընտրական շահարկումներ այն մասին, թե 2008 թվականին ով կփոխարինի Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում:

Խորհրդարանական ընտրությունների մարտահրավերն ընդունելուց հետո 15-ամյա պետությունը 5-րդ անգամ նախագահ կընտրի, և, դատելով քաղաքական թատերաբեմում տիրող եռուզեռից, նախագահի աթոռի հավակնորդների պակաս չի լինի:

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական վերնախավը բաժանվել է երկու բևեռների` Սերժ Սարգսյանը` ՀՀԿ կուսակցության հետ, և Ռոբերտ Քոչարյանը` «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների հետ: (Քոչարյանը չի կարող առաջադրվել երրորդ անգամ, սակայն կարող է վճռորոշ դեր խաղալ իր նախընտրած թեկնածուի համար նախագահական աթոռ ապահովելու գործում:)

Թեև նախագահական ընտրություններն էապես կախված են այն հանգամանքից, թե ում քաղաքական սցենարը կհաղթի խորհրդարանականում, սակայն վերլուծաբաններն արդեն որոշակի կանխատեսումներ են անում:

Ըստ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի` Հայաստանի քաղաքական ասպարեզը մի փակ համակարգ է` զորավոր և հստակ սահմաններով, և նոր առաջնորդը այդ ներքին համակարգի անդամ պետք է լինի:

«Պետություն և կոռուպցիա կապը փաստում է, որ քաղաքական վերնախավի այդ փակ համակարգը մտնելու համար պետք է գին վճարել. ինչպես թատրոն մտնելու համար պետք է տոմս առնել, այդպես էլ այդ «քաղաքական թատրոնին» մասնակից լինելու համար պետք է վճարել»,- ասում է Գիրագոսյանը:

Ներկայացնելով արևմտյան տեսակետները` Գիրագոսյանն ասում է, որ Ամերիկան հստակ դասեր է քաղել ԱՊՀ-ում իրականացրած ծաղիկների ու գույների հեղափոխություններից («վարդերի»` Վրաստանում և «նարնջագույն»` Ուկրաինայում) և հանգել այն եզրակացության, որ դրսից ներմուծված դեմոկրատիան չի կարող գործել, եթե երկրում իրական դեմոկրատական ընդդիմություն չկա:

Փորձառու վերլուծաբանն ասում է, որ հաշվի առնելով լարվածության թեժ կետերի մեծ թիվը` Հյուսիսային Կորեայից մինչև Դարֆուր, Արևմուտքը ողջունում է կայունությունը:

«Ամերիկյան ժողովրդավարության ներմուծման գործընթացն իրեն սպառել է: Այսօր ինչպես ամերիկացիները, այնպես էլ ռուսները մեկ նպատակ ունեն` պահպանել կայունությունը Հայաստանում և ԱՊՀ-ում: Այս համատեքստից ելնելով` կարծում եմ, որ ամերիկացիները պետք է համաձայնություն տան Սերժ Սարգսյանի թեկնածությանը` որպես Քոչարյանի հաջորդի, որը կարող է շարունակել քաղաքական ու տնտեսական նույն քաղաքականությունը»,- ասում է Գիրագոսյանը:

Ընդդիմադիր վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը, որը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է, կարծում է, որ հիմնական պայքարը նախագահական ընտրություններում լինելու է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև:

«Ես կտրականապես դեմ եմ իշխանությունների վերարտադրությանը, սակայն բոլորիս համար պարզ է, որ այսպիսի ավտորիտար իշխանության թեկնածու Քոչարյանից հետո կարող է լինել միայն Սերժ Սարգսյանը. միայն նա կարող է համախմբել վարչական, ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև կրիմինալը»:

Սուրենյանցը կարծում է, որ Քոչարյանը նույնիսկ երրորդ անգամ նախագահ մնալու ցանկություն ունի, և չի բացառվում, որ նա կփորձի այնպես փոխել օրենքը, որ դա հնարավոր դառնա:

Ըստ Սուրենյանցի` միջանկյալ փուլում Սարգսյանի հավակնությունները զսպելու նպատակով նախագահի հրահանգով շրջանառության մեջ են դրվում նոր թեկնածուների անուններ: Օրինակ` դեռևս հուլիսին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ծրագրեր ունի և պատրաստ է համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ»: Նա ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց, որ մտադրություն ունի միանալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Սեպտեմբերին առավել լայնորեն սկսեցին շրջանառվել Վարդան Օսկանյանի նախագահ դառնալու մասին լուրերը:

«Օսկանյանը հարցազրույցներից մեկում չհերքեց, բայց և չհաստատեց այդ լուրերը, ինչը, իմ կարծիքով, նախագահի ցուցումով ուղերձ էր ի գիտություն Սերժ Սարգսյանի»,- ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա` սփյուռք-Հայաստան խորհրդաժողովում Օսկանյանի ելույթը և գյուղի փրկության ներկայացված ծրագիրը, ըստ էության, նախընտրական ելույթ էր:

Սաֆարյանի կարծիքով` իշխանություններն ունեն մի քանի` տարբեր իրավիճակների համար նախատեսված մինիմում և մաքսիմում ծրագրեր:

«Մաքսիմում ծրագիր կարող է լինել հետևյալը. թոզ փչելով Արևմուտքի աչքերին` ղարաբաղյան խնդրով քարտ բլանշ ստանալ սեփական իշխանությունը կամ երկարաձգելու (ինչը կարող է լինել վարչապետի պաշտոնը ստանձնելով, որն արդեն իսկ շրջանառվում է), կամ իշխանությունը ցանկալի իրավահաջորդին փոխանցելու միջոցով»:

Սաֆարյանը դժվարանում է կոնկրետ անուններ տալ` պարզաբանելով, որ կան չարյաց փոքրագույն և լավագույն տարբերակներ:

Լավագույն տարբերակը Քոչարյանի համար, ըստ նրա, այն կլինի, որ նա ունենա թույլ նախագահ, վատագույն տարբերակում Քոչարյանը ստիպված կլինի հեռանալ` իշխանությունը թողնելով ինչ-որ մեկին:

«Թույլ, կառավարելի նախագահի կերպարին կարող են համապատասխանել Դավիթ Հարությունյանը կամ Վարդան Օսկանյանը, որոնց անունները քիչ չեն շրջանառվում: Այդ սցենարին, գոնե այս պահի դրությամբ, չի համապատասխանում Սերժ Սարգսյանը, և եթե Քոչարյանը ստիպված լինի դուրս գալ իշխանությունից, ապա ստիպված կլինի համակերպվել Սարգսյանի նախագահ լինելու մտքի հետ»:

Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի կանխատեսումները քիչ տարբեր են:

«Հաշվի առնելով ներկա քաղաքական զարգացումները` ամենահավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Եթե Քոչարյանը կարողանա խորհրդարանական ընտրությունները անցկացնել իր սցենարով, ապա նա կլինի ամենահավանական թեկնածուն: Համենայն դեպս, մինչև այսօր դա նրան հաջողվում է, քանզի քաղաքական իրավիճակը ամբողջովին գտնվում է նրա վերահսկողության տակ, և ամեն ինչ կատարվում է ըստ նրա ռեժիսուրայի»,- ասում է Ենոքյանը և շարունակում. «Եթե մենք ունենանք այն խորհրդարանը, որը Քոչարյանն է ուզում, ապա նա կղեկավարի ևս մի քանի տարի»:

Ենոքյանը կարծում է, որ Սահմանադրության հետ Քոչարյանը խնդիր չի ունենա. նա ասում է, որ եթե նախկինում Քոչարյանին մի քանի կետեր էին խանգարում առաջադրվել որպես նախագահ, և նա բավական ճարպկորեն շրջանցեց այդ բոլոր կետերը, ապա այս անգամ էլ հնարավոր կլինի անտեսել Սահմանադրությունը: (Ենոքյանն ակնարկում է այն փաստը, որ Քոչարյանը 10 տարվա ՀՀ քաղաքացություն չուներ և, հետևաբար, իրավունք չուներ զբաղեցնելու նախագահի պաշտոնը:)

Վերլուծաբանների համար ամենաանկանխատեսելին հասարակությունն է, որի հետ էլ իր հույսերն է կապում ընդդիմությունը:

«Ի տարբերություն իշխանությունների, որոնք իրենց շահի համար կարողանում են համախմբվել, ընդդիմությունն առայժմ միասնական չի գործում, դրան խանգարում են նաև արտաքին գործոններ (իշխանությունները), ինչպես եղավ 2003 թվականին Արտաշես Գեղամյանի դեպքում»,- ասում է Սաֆարյանը: Ընտրությունների երկրորդ փուլից առաջ Գեղամյանը դադարեցրեց իր աջակցությունը երկրորդ տեղում ընթացող Ստեփան Դեմիրճյանին և չմիացավ Քոչարյանի դեմ հանդես եկող ընդդիմությանը:

Ըստ Սաֆարյանի` իշխանությունը հասարակության անկանխատեսելի շարժման համար ևս սցենար ունի, համաձայն որի, բոյկոտի դեպքում ընդդիմությունից կընտրվի Արթուր Բաղդասարյանը, ով, Սաֆարյանի կարծիքով, դեռ չի խզել կապերը նախագահականի հետ:

Գիրագոսյանը կարծում է, որ իրական փոփոխություն չի կարող լինել, քանի որ համակարգը չափազանց փակ է, իսկ ընդդիմությունը «նույնտեսակ էլիտա է, իշխանական ավազակների նման, միայն այլ դեմքով»:

Իսկ Օսկանյանի հավակնությունները, ըստ Գիրագոսյանի, չեն կարող իրականանալ:

«Առաջին հայացքից թվում է, որ փորձառու քաղաքական գործիչ Օսկանյանը տարիներ շարունակ իշխանական վերնախավում է, բայց իրականում նրան մեկուսացրել են և սահմանափակել նրա գործունեության ասպարեզը: Բայց սա նաև իր դրական կողմն ունի. դուրս մնալով էլիտայի որոշումներից` նա ավելի մաքուր է: Բայց չես կարող ասել, որ լավ նախագահ կարող ես լինել, եթե մաքուր ես, միայն դա բավարար չէ»,- ասում է Գիրագոսյանը:

Նա կարծում է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ մաքուր ղեկավար ունենալուն:

«Հայաստանը պատրաստ չէ, ոչ թե Օսկանյանը, քանի որ այս ժամանակներում Հայաստանին պետք է Պուտին, մի քիչ դիկտատոր, որը կկարողանա մաքրել երկիրը կոռուպցիայից և օրեցօր աճող կրիմինալից»: