Ձայների ցա՞նք. սերմացու բաժանելու կուսակցության ծրագիրը «ծլում են» ընտրակաշառքի մեղադրանքներ

Երկու շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ սկսում է աշնանացան ցորենի և կարտոֆիլի սերմացուի բաշխումը` պատճառաբանելով, թե այս տարվա երաշտի պատճառով գյուղացին սերմացու չունի:

Այսպիսով մեկնարկեց 2007 թվականի ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը, որը ոմանք անվանում են բարեգործություն, իսկ ուրիշները համարում են ընտրակաշառք:

Նախընտրական քարոզարշավում մեծ դեր ունեն ընտրակաշառքները, որոնց մատուցման մեխանիզմները մշտապես կատարելագործվում են: Եթե 5 տարի առաջ ապագա պատգամավորն առանց երկար-բարակ մտածելու 5000-20000 դրամ էր բաժանում ընտրողներին կամ փողոց ասֆալտապատում, ապա այս ընտրությունները սկսվել են մեծածավալ բարեգործական ակցիաներով:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածում ամրագրված է. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

Տեղյակ լինելով այս դրույթին` կուսակցությունները 6 ամիս շուտ սկսել են ոչ պաշտոնական նախընտրական քարոզչություն ծավալել, որը, ըստ էության, Ընտրական օրենսգրքով արգելված չէ:

Իսկ ինչպե՞ս են տարբերակվում ընտրակաշառքն ու բարեգործությունը:

«Ըստ օրենքի` եթե կուսակցությունն այդքան մեծ ցանկություն ունի բարեգործությամբ զբաղվելու, ապա պետք է գրանցվի որպես բարեգործական կազմակերպություն, բայց «Բարեգործության մասին» օրենքի համաձայն` բարեգործական կազմակերպություններն իրենց գործունեությունը չպետք է կապեն քաղաքական հարցերի հետ: Իսկ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ բարեգործական կազմակերպությունն իրավունք չունի մասնակցելու քաղաքական քարոզարշավին, որից հետևում է, որ կուսակցությունն էլ պետք է իրավունք չունենա բարեգործությամբ զբաղվելու, քանի որ քաղաքական ուժ է»,- ասում է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանն ընտրակաշառքների հետ կապված իրավիճակը բացատրում է Ընտրական օրենսգրքի անկատարությամբ, որն արգելում է բարեգործությունը միայն նախընտրական քարոզչության ընթացքում (մոտ երկու ամիս ընտրություններից առաջ), սակայն չի սահմանում` արդյոք բարեգործություն թույլատրվում է դրանից առաջ:

«Ընտրական օրենսգրքում ամեն ինչ լղոզված է: 18-րդ հոդվածում նշված է, որ բարեգործական կազմակերպությունները քարոզարշավին մասնակցելու իրավունք չունեն, բայց ոչինչ չի ասվում այն մասին` արդյոք կուսակցությունները բարեգործությամբ զբաղվելու իրավունք ունեն: Մենք ուզում ենք փոխել օրենսգրքի նման դրույթները: Իսկ նրանք, ովքեր իշխանության են եկել կաշառքների միջոցով, պայքարում են մեր նախաձեռնության դեմ»,- ասում է պատգամավորը:

Սակայն կաշառքը բարեգործությունից բաժանող գիծը Հայաստանում հստակ չի ընկալվում: Գրեթե ամեն օր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ընթացքում ցուցադրվում են ռեպորտաժներ նույն Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծավալած բարեգործական ակցիաներին մասին:

Կուսակցությունը հայտարարում է, որ աշնանացան ցորենի ու կարտոֆիլի սերմացուի բաշխումը պարզապես գյուղի զարգացման իր ծրագրի մեկնարկն է: Սակայն ոմանք վիճարկում են այդ գնահատականը:

«Իրականում սա լավ մտածված քարոզարշավ է: Խնդիրն այն չէ, որ կարտոֆիլ կամ ցորեն են բաժանում, այլ այն, որ ստիպում են մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց կուսակցության օգտին: Սոված ժողովուրդն իրեն օգնողի արևով էլ կերդվի, ինչպես և այս պարագայում կլինի»,- ասում է Քոչարյանը:

Ծառուկյանը միակը չէ, որ օգտագործում է սեփական հեռուստաընկերությունը քաղաքական նպատակներով: Նախընտրական «բարեգործության» բուռն գործունեություն է ծավալել նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն իր «ԱԼՄ» հեռուստահոլդինգը արդեն 4 տարի ծառայեցնում է հենց այդ նպատակին:

«Երաժշտական գանձանակ» կոչվող հաղորդումը երկարատև քարոզարշավի սկիզբն էր, երբ գյուղերի երեխաներին ու երիտասարդներին տրվում էր հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորություն` անկախ երգելու կամ ասմունքելու շնորհքից: Կարապետյանն ունի նաև թոք-շոու, որի ընթացքում կոչ է անում հեռուստադիտողներին զանգել և դիմել իրենց պրոբլեմներով: «ԱԼՄ»-ի եթերում հայտնվել է մի խաղ, որի ընթացքում մրցանակներ են տալիս հաղորդման մասնակից ժողովրդագրական թիրախ թոշակառուներին:

«Ողջ ամառ «ԱԼՄ» հեռուստաընկերությամբ տեսանք, թե ինչպես էր Կարապետյանը ավտոբուսներով մարդկանց Սևան տանում, զվարճացնում ու պարեցնում: Իսկ այս նոր խաղը, որի ընթացքում ծերերին հեռուստացույց, ռադիո ու թեյնիկ է բաժանում, մի՞թե ընտրակաշառք չէ»,- ասում է անկախ սոցիոլոգ Մարտին Գևորգյանը:

(Իսկ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունն իր քարոզչական մեքենան ուղղել է դեպի մարզերի դպրոցներ` նվիրելով համակարգիչներ ու լաբորատոր սարքավորումներ):

«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Կարապետյանը համոզված է, որ ժողովրդի մեծամասնությունն իր արածներն ընդունում է ոչ թե որպես ընտրակաշառք, այլ որպես բարեգործություն:

«Այդպես միայն դուք` լրագրողներդ եք կարծում: Ժողովրդին հարցրեք` իմ մասին ի՞նչ են մտածում: Ես երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն եմ տալիս, մտածում եմ` ինչպես անել, որ ծերերի գորշ կյանքը մի քիչ լուսավորվի: Երկու տարի առաջ ստեղծել եմ բարեգործական հիմնադրամ, որի գործունեությունը կապված չէ կուսակցության հետ»,- ասում է Կարապետյանը:

Կան մարդիկ, որոնք իրոք հիացական կարծիք ունեն «Բարգավաճ Հայաստանի» և Տիգրան Կարապետյանի մասին:

Ապարանի բնակիչ Սամվել Բարսեղյանն ասում է, որ 10 տարի հնարավորություն չի ունեցել բժշկի գնալ, իսկ հոկտեմբերի 28-ին «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությամբ Ապարան էին այցելել տասնյակ բժիշկներ` մարզի բնակիչներին անվճար բուժօգնություն ցույց տալու առաքելությամբ:

«Մի աչքս չէր տենում, անվճար բուժեցին: Պետությունը սերմացու չտվեց, Ծառուկյանը տվեց, մեր փրկիչն ու մեծ բարեգործ ա… Կընտրեմ, մենակ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետիչն են մտածում ժողովրդի մասին, իրանց էլ կընտրեմ»,- ոգևորված ասում է Բարսեղյանը:

Կուսակցության տվյալներով` հանրապետության տարբեր մարզերում նման բուժօգնություն է ստացել ավելի քան 2000 մարդ:

«Այդ ինչո՞ւ նախորդ տարիներին չէին մտածում, որ ժողովուրդը սերմացու չունի, բուժվել չի կարող, հիշեցին հենց ընտրություններից առաջ: Դա բացահայտ ընտրակաշառք է և «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի խախտում: Սակայն ոչ ոք չի կարող օրենքը խախտել և հանգիստ ման գալ, եթե չունի նախագահի հովանավորությունը: Կարծում եմ, որ նրանք գործում են ՀՀ նախագահի հովանու ներքո»,- ասում է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով` ընտրակաշառքի գործոնը գերագնահատվում է:

«Ես վստահ եմ, որ ընտրողների 50 տոկոսը, այսպես թե այնպես, քվեարկում է սեփական համոզմունքներից և քաղաքական նախասիրություններից ելնելով, կարող է ընտրակաշառքը վերցնել, բայց ընտրել նրան, ում ուզում է»,- ասում է Արսենյանը:

2006 թ. օգոստոսին Երևանում և հանրապետության ութ մարզերում «Այրեքս» կազմակերպության անցկացրած սոցհարցումների տվյալների համաձայն` նախորդ ընտրություններին հարցվածների 20 տոկոսին ընտրակաշառք են առաջարկել (3000-5000 դրամ, էլեկտրաէներգիայի վարձի վճարում, նոր աշխատանք), իսկ գրեթե 78 տոկոսը պատասխանել է, որ իրենց ընտրակաշառք չեն առաջարկել, ինչի առիթով նրանց մի զգալի մասն ափսոսանք է հայտնել («Եթե առաջարկեին, ես կհամաձայնեի»,- ասել է հարցվածներից մեկը):

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն ասում է, որ իրեն էլ դուր չի գալիս «Բարգավաճ Հայաստանի» կարտոֆիլ ու ցորեն բաժանելը, բայց դրա դեմ պայքարելու իր ունեցած միակ զենքը խոսքն է:

«Հո չե՞մ գնալու գյուղեր, կարտոֆիլի սերմացուն վերցնեմ ու պահեմ, ժողովրդին ասեմ` մի վերցրեք, դա ընտրակաշառք է: Բացի այդ, ընտրակաշառք բաժանում են նաև ընդդիմադիրները, տարբերությունը «բարեգործության» չափերի մեջ է,- ասում է Նիկոյանը: - Ես մտավախություն ունեմ, որ քաղաքական և գաղափարական պայքարը կտեղափոխվի սերմացուի բաժանման դաշտ»: