Ընդդիմության գործ. պատգամավորը դաշինքի կոչ է անում ազատական ուժերին 2017-ի ընտրություններին ընդառաջ

Ընդդիմության գործ. պատգամավորը դաշինքի կոչ է անում ազատական ուժերին 2017-ի ընտրություններին ընդառաջ

Ֆոտոլուր

Մինչ իշխանությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ գնում է վերադասավորումների, կազմելով կոոալիցիա քաղաքական մյուս ուժերի հետ, փորձելով ապահովել կայուն մեծամասնություն, ինչն ամրագրված է նոր Սահմանադրությամբ, հակառակ բևեռում լռություն է:

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ հայաստանյան ընդդիմադիր դաշտում նկատելի ճգնաժամը երկարաձգվում է: Ընդդիմադիրների բանակից չեն հնչում կոալիցիա կամ դաշինքներ կազմելու հայտարարություններ:

Ընդամենը օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե մեկ տարի հետո իրենց հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ապա բոլորն իրենց ձայնը կտան:

«Բոլորին հրավիրել եմ կոալիցիայի մաս կազմելու համար, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն: Եթե այս ուժերը միավորվեն, կհաղթեն պառլամենտական ընտրություններում: Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, միանալ հավասար պայմանով, ու սա միակ հաղթական ֆորմուլան է»,- ասել է Բագրատյանը:

Երբեմնի ընդդիմադիր, ապա իշխանության մաս կազմող, այսօր նորից իրեն ընդդիմադիր համարող «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է 2017-ի համապետական ընտրություններին մասնակցել «Հայկական վերածնունդ» միավորումով:

ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել է, թե միավորման մաս կազմող մի քանի կուսակցություններ արդեն իսկ համաձայնություն են տվել, որ միավորվեն և ստեղծեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Միսակյանը չի բացառել, որ որոշ կուսակցություններ այս ընթացքում նաև կլուծարվեն՝ դառնալով նոր ստեղծվելիք կուսակցության անդամ:

«Առաջիկայում կլինի համագումար, և կհիմնադրվի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Երբ քննարկումներն ավարտվեն, բոլորը այդ մասին կիմանան: Մի բան հիմա պարզ է, որ ՕԵԿ-ը դառնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկը»,- ասել է նա:

Ընդդիմադիր դաշտի առավել խոշոր խաղացողներից Հայ ազգային կոնգրեսը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստվում են մարտի 1-ի հանրահավաքին: Երևանի քաղաքապետարանն արտոնել է երկու ընդդիմադիր ուժերին էլ միաժամանակ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ավելի վաղ իրազեկում ներկայացրած Կոնգրեսի դիմումը քաղաքային իշխանությունները բավարարել են ամբողջությամբ՝ արտոնելով հանրահավաքը և երթը, իսկ «Նոր Հայաստանինը»՝ մասամբ. Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժին արգելվել է վրաններ տեղադրել ու շուրջօրյա հավաք անցկացնել:

«Նոր Հայաստանը» բանակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի և ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ մարտի 1-ին միասնական հանրահավաք անցկացնելու:

ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն իսկ հայտարարել է, որ քաղաքապետարանը թերևս միտումնավոր է բարդացրել խնդիրը:

«Նման որոշում ընդունելը ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից ուղղակի սադրանք: Լուծումները օրինական կային` նրանք կարող էին որոշել տարբեր տեղերում տալ հնարավորություն, կամ ժամերը տարբեր լինեին, և նորից այդ հնարավորությունը կպահպանվեր՝ հետագայում բանակցելու, միգուցե, այնուամենայնիվ, միասնական դարձնեինք: Բայց քաղաքապետարանի որոշումը ուղղակի չի տեղավորվում ո՛չ օրինականության, ո՛չ քաղաքական տրամաբանության որևէ շրջանակի մեջ»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է Զուրաբյանը :

Ինչևէ, նրա խոսքով` ՀԱԿ-ը քննարկում է «Նոր Հայաստանի» առաջարկը, փորձելով խնդիրն այնպես լուծել, ինչպես պատշաճ է հավասարակշիռ, լուրջ քաղաքական ուժին, որը միշտ բարձր է պահել մարտի 1-ի ոճրագործության դատը: