Գործընկերներ կառավարությունում. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հաստատել են քաղաքական համագործակցությունը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և մինչ այժմ ընդդիմություն համարվող Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պաշտոնապես համաձայնել են քաղաքական համագործակցության, ինչի շնորհիվ դաշնակցականները նաև ներկայացված կլինեն Հայաստանի կառավարությունում:

Չորեքշաբթի Քաղաքական համագործակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ՀՀ նախագահի նստավայրում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով` այդ փաստաթուղթը ո´չ հետընտրական կոալիցիա է, ո´չ էլ նախընտրական դաշինք, այն սկիզբ է դնում «քաղաքական երկարատև համագործակցության` խարսխված արժեհամակարգային ընդհանրությունների և նպատակների և գործողությունների ծրագրի վրա»:

Համաձայն իշխանությունը կիսելու մասին համագործակցության` ՀՅԴ-ն կառավարությունում ստացել է երեք նախարարական պաշտոններ` կրթության և գիտության (Լևոն Մկրտչյան), էկոնոմիկայի (Արծվիկ Մինասյան) ու տարածքային կառավարման և զարգացման (Դավիթ Լոքյան): Դաշնակցությունը ստացել է նաև երկու մարզի` Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոն:

2003 թ.-ից ՀՅԴ-ն մաս է կազմել Հայաստանի մի քանի կոալիցիոն կառավարությունների, վերջին անգամ` 2008 թ. վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն գերիշխում էր կառավարությունումբ: Սակայն ազգային ու սոցիալիստական գաղափարախոսություն դավանող կուսակցությունը դուրս եկավ կառավարության կազմից մեկ տարի անց` Թուրքիայի հետ մերձեցման Սարգսյանի վարչակազմի վարած քաղաքականության պատճառով:

Լինելով խորհրդարանական կառավարման ձևի կողմնակից` ՀՅԴ-ն այն քաղաքական ուժերի շարքում էր, որոնք սատարեցին Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխություններին, որոնք հաստատվեցին անցյալ տարի կայացած հանրաքվեով: Այդ ժամանակից ի վեր ՀՅԴ-ն նույնպես ձգտել է դերակատարում ունենալ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մեջ: