Քաղաքական համագործակցություն. ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ասում են` նոր կառավարությունում կկիսեն թե՛ իշխանությունը, թե՛ պատասխանատվությունը

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է` իշխանության հետ համագործակցությունը իրական է, իսկ հնարավոր խոչընդոտներն ու դժվարությունները` հաղթահարելի:

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների միջև կնքվել է երկրի կառավարման գործում քաղաքական համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի կնքումից հետո Դաշնակցությանը գործադիրում տրվել են տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները:

Մարգարյանի պնդմամբ` իրենք գնացել են իշխանության հետ համագործակցության, քանի որ ընդդիմադիր դաշտում իրենք ավելի դժվար են աշխատանք կատարել` հարաբերվելով անտրամաբանական, հակաժողովրդական մոտեցումների, քան իշխանության դաշտում, որտեղ նախապես կային:

«Բայց, այնուամենայնիվ, մենք գործ ենք արել ընդդիմության դաշտում` հաջողություններ ունենալով արտաքին և ներքին ճակատում, կարողացել ենք վարչապետ փոխել տալ, կազմակերպել Սահմանադրության հանրաքվե»,- ասաց նա, հավելելով, որ իշխանության հետ համագործակցությունից կորցնելու ոչինչ չկա:

«Մենք գնացել ենք այս քայլին հանուն մեր անկախության, անվտանգության և կյանքի բարելավման: Այս իշխանությունների հետ համագործակցել ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, Ղարաբաղի, Սահմանադրությունը բարեփոխելու հարցերով, ունենք դրական արդյունք, որը տվել է մեզ այն վստահությունը, որ համագործակցությունը կարող է դրական հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը նույնպես համոզված է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը դրական փոփոխությունների է բերելու, բայց ոչ միանգամից.

«Եթե մտածում եք, որ փոփոխությունները շատ արագ և զգալի են լինելու, սխալվում եք, դրա համար ժամանակ է պետք»,- ասաց նա:

Անդրադառնալով պորտֆելների փոխանակմանը` Ավետիսյանը դա բնական համարեց:

«Այստեղ պորտֆելների խնդիր չկա, համագործակցությունը տարբեր բնագավառներում նաև ենթադրում է, որ իշխանությունը որոշակի զիջումների պետք է գնա` այդ թվում իր հետ համագործակցող ուժին տալով պորտֆելներ, որպեսզի վերջինը հավասար լծակներ ունենա երկրի կառավարմանը մասնակցելու համար»,-նշեց նա:

Հանրապետական և Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները նաև չեն հերքում, որ սա մեկ տարվա համագործակցություն չէ, այլ համագործակցություն է` երկարաժամկետ կտրվածքով: Այնուամենայնիվ, երկու ճակատներում էլ 2017-ի ընտրություններին միասնական ուժերով հանդես գալու մասին քննարկումներ դեռ չեն եղել:

Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ համագործակցությունը հատկապես կարևոր է Սահմանադրության փոփոխությունները կյանքի կոչելու տեսանկյունից, ինչը չի նշանակում, որ խորհրդարանական ընտրություններին միասին են գնալու: