Խարսխված ընդհանուր արժեհամակարգի վրա. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն խոստանում են պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ

Խարսխված ընդհանուր արժեհամակարգի վրա. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն խոստանում են պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ

Photo: www.president.am

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը չնայած հնչող քննադատություններին՝ սկիզբ է դնելու քաղաքական երկարատև գործակցության, որը խարսխված է լինելու արժեհամակարգերի ընդհանրությունների, միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա:

Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ ստորագրված ծավալուն փաստաթուղթը, իր բովանդակությամբ հնարավորություն է տալու գործողությունների ծրագրով քայլ առ քայլ ամրապնդել և՛ կուսակցությունների միջև համագործակցությունը, և՛ այն նպատակներին հասնելու ցանկությունը, որի մասին խոսում են վերջերս` որպես նոր Հայաստանի տեսլական:

Հինգ էջից բաղկացած համաձայնագրում կողմերն ամրագրել են. պետք է շարունակեն բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

Համաձայնագրում անդրադարձ կա բիզնեսը հանրային շահերից տարանջատելու խնդրին:

«Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ»,- նշված է համաձայնագրում:

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` ստորագրված փաստաթուղթը խորքային համաձայնագիր է և մանրակրկիտ ձևով անդրադառնալու է տարբեր ոլորտների՝ դատական, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարեփոխումներին և նոր Սահմանադրությամբ պահանջվող բոլոր այն նորարարություններին, որոնք արդեն իսկ հրամայական են իրավական դաշտում:

«ՀՅԴ-ն լավ գործընկեր կարող է լինել, քանի որ երկար ժամանակ քաղաքական կյանքում իր ուրույն ձեռագիրն է ունեցել, իսկ Հանրապետականի դերակատարությունը առանցքային և դոմինանտ է մեր պետության քաղաքական համակարգում, հետևաբար, այս կոալիցիան պետք է դիտել նաև որպես պետության կայուն զարգացման համար կարևոր քաղաքական երաշխիք: Ե՛վ Հանրապետականի, և՛ Դաշնակցության համար պատասխանատվության նոր փուլ է ենթադրվում, նոր երաշխիքներ բերում քաղաքացուն, պետությանը, զինվորին»,- ասել է Զաքարյանը:

Համաձայնագրում հատուկ դրույթով նշվում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ըստ որի քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ պետք է ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ, օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:

Այդուհանդերձ, հնչում են նաև քննադատություններ, որ ստորագրված համաձայնագրով պատրաստվում են 2017-ի խորհրդարանի ընտրություններին: Որոշ վերլուծաբանների կարծիքով`այդ ձևաչափով համագործակցությունը հանրապետականներին կապահովի հաջորդ խորհրդարանում մեծամասնություն պահպանել և ավելի «հանգիստ» ընտրություններ անցկացնել, իսկ Դաշնակցությանը` նախընտրական շրջանում որոշակի լծակներ ստանալ և ապահովել իր ներկայությունը հաջորդ խորհրդարանում: