03/08 տարելից. Հայաստանի ընդդիմությունը հիշում է հետընտրական բախումների զոհերին

Հայաստանի կորսված գարունից 8 տարի անց էլ ընդդիմադիր կուսակցությունները հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնում, հիշում մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, շարունակում արդարություն պահանջել:

2008-ի նախագահի ընտրություններից հետո դրա արդյունքները բողոքարկող Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շուրջ տասնօրյա բողոքի ակցիան մարտի 1-ին ուժով ցրեց ոստիկանությունը, իսկ արդեն երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց տասը քաղաքացի, այդ թվում` երկու ոստիկան: Մինչ օրս տասը զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ութերորդ տարելիցին «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական (ՀԺԿ) կուսակցությունները և «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ հավաք-երթ կանցկացնեն. կհավաքվեն Ազատության հրապարակում, կլինի բացման խոսք, որից հետո կմեկնարկի երթը, այս տարի մեծ հանրահավաք չի լինի:

«Ծաղիկներ ենք դնելու Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի և այդքանով ավարտելու ենք մեր միջոցառումը: Մենք նպատակադրվածություն ունենք հետագայում քաղաքական ծրագրով հանդես գալ, և այս անգամ այն փուլը չէ, որ ներկայացնենք մեր քաղաքական ծրագիրը, փորձեցինք չխառնել հիշատակի օրը»,-երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` սա շատ կարևոր միջոցառում է լինելու:

«Սա իշխանություններին ցույց կտա, որ հայ ժողովուրդը չի հաշտվել այդ ոճրագործության հետ, հայ ժողովուրդը պահանջում է և շարունակում է պահանջել ոճրագործության բացահայտումը, բոլոր կատարողների և կազմակերպիչների պատժումը:

Իրականում, մեր այդ ավանդական դարձած երթերը երթ են կամ ճանապարհ են դեպի արդարադատության վերականգնում, դեպի մարդուն կյանքի իրավունքի, ազատության, ազատասիրության, ժողովրդավարության բոլոր մեր իրավունքների վերականգնում»,- երկուշաբթի ասել է Զուրաբյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ տեղեկացրել է, որ երթից հետո իրենք շարունակելու են բողոքի ակցիան, որպեսզի անպատժելիության հարցը լսելի դարձնեն միջազգային հանրությանը՝ հաշվի առնելով, որ այդ օրը Հայաստանում է լինելու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:

Մինչ այդ, 6 քաղաքական ուժեր (ՀԱԿ, ՀԺԿ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ազգային ինքնորոշում միավորում, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն) մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 8-րդ տարելիցի կապակցությամբ երկուշաբթի ուշ երեկոյան հանդես են եկել 4 կետանոց հայտարարությամբ, որում նշում են, թե համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, «հետևողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան ՀՀ արդարադատության առջև՝ այդ նպատակով օգտագործելով պայքարի բոլոր օրինական միջոցները»:

Երկրորդ կետում պահանջվել է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին, երրորդ կետի համաձայն` մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է «բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` սահմանադրականության և օրինականության շրջանակներում ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը և օրինակարգ իշխանության ձևավորումը»: Հայտարարությունը եզրափակվում է մարտի 1-ը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու պահանջով: