Ընտրական օրենսգրքի բանավեճ. ընդդիմությունը դատապարտել է իշխանության հեղինակած նախագիծը առանց հանրային քննարկման ԵԽ փորձագետներին ներկայացնելը

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն էր՝ համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի, սակայն այն այդպես էլ չի ներկայացվել: Ընդդիմությունը էլ իր հերթին պնդում է. իշխանությունները հանրությունից ու ընդդիմությունից գաղտնի՝ կուլիսների հետևում, նախագիծն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով՝ նախնական «դաբրոներ» ստանալու:

«Եթե իշխանությունն ազնիվ լիներ ու բարի նպատակներ ունենար, Ընտրական նոր օրենսգիրքը կքննարկեր սեփական ժողովրդի, հասարակության, ընդդիմության հետ և ոչ թե առաջինը նախագիծը կուղարկեր Վենետիկի հանձնաժողով:

Պատճառը շատ պարզ է` ուզում են թիկունքն ամրապնդեն, ստանան նախնական իրենց նախագծի համար ինչ-որ դաբրոներ, որից հետո այլևս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն ընդդիմությանը կամ հասարակությանը։ Սա իրենց տակտիկան է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անազնիվ են, նրանք խարդախ են, նրանց մտքում է նորից ընտրությունների կեղծումը»,- երկուշաբթի անցկացված նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկմանը հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հանրային քննարկմանը մասնակցել են ԱԺ ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցություններից փորձագետներ: Քննարկմանը չեն մասնակցել հանրապետականներ Դավիթ Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պետք է ներկայացնեին, թե ընդդիմության ու քաղհասարակության ո՛ր առաջարկներն են ներառվել նոր օրենսգրքում:

«Չգիտես՝ այս գաղտնիությունը ո՛ւր է տանում, հիմա նախագիծ կա՞, թե՞ չկա… Մենք կողմնակից ենք, որ լինի բաց քննարկում, որ իմանաս՝ ինչ առաջարկներ անել»,- ասել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշել է. այս պահից սկսած կարող են արձանագրել, որ իշխանությունները չեն ապահովում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ներառական գործընթաց ապահովելու կարևոր հանձնարարականը։

«Ինձ լուրեր են հասել, որ նոր օրենսգրքով հնարավոր է ռեյտինգային քվեարկություն սահմանվի: Ընտրակարգը թեև համամասնական է, բայց հնարավոր է ցուցակից կոնկրետ անունների ձայն տալ։ Դա լինելու է ամենախայտառակ Ընտրական օրենսգիրքը։ Ինքը անունով կոչվում է պառլամենտական, բայց էությամբ լինելու է մեծամասնական։ Այսինքն` հանրապետության տարածքը բաժանելու են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով այդտեղ շատ ձայն հավաքեց, ինքը ցուցակում գրավելու է առաջին տեղը»,- ասել է Սաքունցը:

Այժմ քննարկվում է ձևավորել ընդդիմադիր դաշտի միասնական ճակատ, որը երեք-չորս դրույթ կպարտադրի իշխանություններին ներառել նոր Ընտրական օրենսգրքում, չնայած միասնական ճակատը պառակտելու իշխանությունների փորձին:

«Իշխանությունների կողմից կան մանիպուլացման փորձեր՝ ինչ-որ քաղաքական ուժերի իրենց վերահսկողության տակ վերցնելու կամ թույլ չտալու, որ հանդես գան միասնական պլատֆորմով: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այս առաջարկների շուրջ միասնական պլատֆորմի ստեղծումը մեծ հարված է իրենց լինելու, որովհետև շատ անհարմար դիրքի մեջ է դնելու, և նրանք շատ կդժվարանան մերժել պահանջների միասնական պլատֆորմը, դրա համար ամեն գնով էնպես են անելու, որ սա չընդունվի, և, բնականաբար, նաև փորձելու են ազդել որոշ քաղաքական ուժերի վրա՝ ստեղծելով էդպիսի տպավորություն, որ իբր ընդդիմությունը չի կարողանում միավորվել»,- ասել է Զուրաբյանը:

Ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության գլխավոր պահանջն է հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները, ինչին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում չէին առարկել նաև փորձագետները:

«Մասնակցությունը գաղտնի չէ, գաղտնի է քվեարկությունը: Մենք մասնակցածների անուն-ազգանունները կնույնականացնենք այն ցուցակների հետ, որոնք հրապարակվել են մինչև ընտրությունները, և կգնանք հանգուցյալների տներով, որ հասկանանք՝ ինչո՛ւ են մասնակցում ընտրությանը և տուն չեն մտնում: Եթե սա մերժում են, ապա ես այս ռեժիմի հետ խոսելու բան չունեմ»,- ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: