4+4+4. ընդդիմությունը Ընտրական օրենսգրքի քննարկման համար որոշակի ձևաչափ է փնտրում

Երեքշաբթի խորհրդարանում իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատել են, թե պատրաստ են բանակցելու ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդունել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցելու՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը։

Առաջարկվող ֆորմատի մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ 4 ընդդիմադիր, 4 իշխանական կուսակցություններից և 4-ը` քաղաքացիական հասարակությունից: Կստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի ու ընդհանուր համաձայնության կգա ԸՕ նախագծի շուրջ:

«Մենք աշխատանքային խումբ չենք առաջարկում: Դուք կարող եք լսել բոլոր առաջարկները և մերժել դրանք: Մեր առաջարկն է, որ այլ պրոցես կազմակերպվի, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ասածով ԸՕ-ն ընդունվի կոնսենսուսով, և լինի քաղաքական երկխոսության ձևաչափ, որը թույլ կտա բոլոր քաղաքական ուժերին հասնել այնպիսի լուծման, որ ժողովրդի վստությունը վերականգնվի ընտրությունների նկատմամբ»,-ասել է Զուրաբյանը:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ` իրենք կաշկանդված չեն և կարող են լսել ձևավորված միասնական պլատֆորմի առաջարկությունները:

«Իմ մեջ, առնվազն, խնդրահարույց է, թե հասարակական կազմակերպություններից ո՛ր չորսն են մասնակցելու, և ինչպե՛ս է այդ ընտրությունը լինելու: Կան խմբակցություններ, որտեղ մեկ-երկու քաղաքական ուժ կամ անձ ներկայացնողները համամիտ չեն մյուս հինգի հետ»,- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների գլխավոր պահանջն է՝ քվեարկություն կատարած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ինչին դեմ է իշխանությունը, փոխարենը առաջարկում է այլընտրանք՝ ցուցակներին ծանոթանալ երկու ժամով:

Երեքշաբթի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ևս մեկ անգամ նշել է, որ ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը չի թույլատրվում, փոխարենը կարող են ծանոթանալ և քաղվածք վերցնել:

«Հայկական վերածնունդը» հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը կպաշտպանի Ընտրական օրենսգրքի շուրջ եռակողմ բանակցությունների գաղափարը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի քննարկումներին իր առաջարկներով։ Ընդդիմադիրների հիմնական պահանջները, այդ թվում՝ ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ներառված են նաև ԲՀԿ փաթեթներում:

«Եթե կա հնարավորություն փորձել բոլոր կարծիքները մեկտեղել և գտնել առավել օպտիմալ լուծում, եթե դրա համար կա քաղաքական կամք, և համաձայնությունը իշխանության կողմից ընդամենը իմիտացիա չէ, ասելու համար, որ մենք սրան էլ համաձայնեցինք, բայց տեսեք՝ բան դուրս չեկավ, բնականաբար, «Բարգավաճ Հայաստանը» ռեալ արդյունավետ աշխատանքային պրոցեսին, տարբեր կարծիքները մեկտեղելուն անպայմանորեն համաձայն կլինի»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ էլ` ինքն այնպիսի տպավորություն ունի, թե որոշ ընդդիմադիր գործիչներ շփոթել են «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» և «ուլտիմատում» բառերը:

«Կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք պետք է հալած յուղի պես ընդունենք և հակառակը` մենք ինչ ասենք, ընդդիմությունն ընդունի: «Կոնսենսուս» նշանակում է, որ նստենք, քննարկենք և համաձայնության գանք ռեալ առաջարկությունների շուրջ»,- ասել է նա:

Երեքշաբթի երեկոյան հասարակական կազմակերպությունները քննարկել են իշխանության հետ բանակցություններին մասնակցելու առաջարկը, արդեն իսկ համաձայնել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության հետ միասնական 5 պահանջ ներկայացնել:

«Մասնավորապես՝ ընտրողների ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում տեղամասերում, պարզ համամասնական ցուցակ՝ բացառելով ռեյտինգայինները, տարածքային ցուցակները, ինչպես նաև՝ ընտրողների կա՛մ մատներով նույնականացման համակարգի ներդրում, կա՛մ մատների թանաքոտման տարբերակը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: