Իշխող խմբակցության պատգամավոր. կոալիցիա կազմելու սահմանափակումները ժողովրդավարության սահմանափակում չեն

Ընտրական օրենսգրքի` առավելագույնը երեք կուսակցությամբ քաղաքական կոալիցիա կազմելու դրույթը ժողովրդավարության սահմանափակում չէ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նոր ընտրական օրենսգրքում սահմանվում է, որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքում որևէ ուժ չստանա առնվազն 53 մանդատ, ընդունվում է մանդատների բաշխման նախնական որոշում, որից հետո երեք օրվա ընթացքում ընտրական շեմը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսակցության հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնության են եկել վարչապետի թեկնածուի շուրջ:

Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ իրենց անհամաձայնությունն էին հայտնել այս դրույթի առնչությամբ, պնդելով, որ այն ժողովրդավարական նորմերի խախտում է:

Հարությունյանը նշեց, որ խոսքը քաղաքական մեծամասնություն ձևավորելու կարողության մասին է:

«Եթե չսահմանափակվի կոալիցիա ձևավորող կուսակցությունների թիվը, պատկերացրեք, օրինակ` 35-40 տոկոս ձայն ստացած որևէ քաղաքական ուժի կողքին թույլ տանք, որ մնացած 60 տոկոս ձայն ստացած 10 կուսակցությունները` յուրաքանչյուրը 5-6 տոկոսով, կոալիցիա ձևավորեն, որքանո՞վ դա արդարացի կլինի և կհամապատասխանի ընտրությունների ընթացքում այդ կուսակցություններին տված ժողովրդի քվեի կշռին»,- ասաց նա:

Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այս մոտեցումը կուսակցություններին հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու և ճիշտ մեկնաբանելու իրենց քաղաքական կշիռը և կարևորությունը, միաժամանակ բացառելով որևէ կուսակցական արկածախնդրություն: