Ընտրությունների մաթեմատիկա. ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են միավորվել հակաիշխանական դաշինքում

Խորհրդարանական ընտրություններին մնացել է 71 օր, և արդեն պարզ է, որ հայաստանյան ընդդիմության միավորման բազում ճիգերն ապարդյուն անցան:

Վաղը` մարտի 3-ին, ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համամասնական ընտրակարգերով առաջադրումների վերջնաժամկետը:

Արդեն իրենց համամասնական ցուցակներն են ներկայացրել Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» և Միքայել Հայրապետյանի Պահպանողական կուսակցությունների ձևավորած միակ դաշինքը` «Իմպիչմենթը»:

Ողջ շաբաթ ընդդիմադիր կուսակցությունները առավոտից մինչև ուշ երեկո թեժ բանակցություններ ու քաղխորհրդի նիստեր էին վարում, որպեսզի որոշեն` միայնա՞կ գնալ ընտրություններին, թե՞ դաշինքով:

Հինգշաբթի պարզ դարձավ, որ «Իմպիչմենթից» բացի այդպես էլ ոչ մի դաշինք չձևավորվեց, թեև բոլորը հայտարարում էին, թե ճիշտը միանալն է:

Արդյունքը եղավ այն, որ 14 ընդդիմադիր կուսակցությունները ձայների համար մրցելու են միմյանց ու իշխանամետ կուսակցությունների դեմ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իրական վիճակից ելնելով` ընտրություններին առանձին գնալը սխալ է: Մարտավարական, գաղափարական և քաղաքացիական մեծ սխալ է»,- ուղիղ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դաշինք ձևավորելու ակտիվ բանակցություններ վերջին շաբաթում ընթանում էին «Ժառանգություն», «Հանրապետություն» և ԱԺՄ կուսակցությունների միջև:

Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան Վազգեն Մանուկյանի գրասենյակից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ ԱԺՄ-ն որոշել է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին:

«Հայաստանում քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մենք պարզապես դուրս ենք գալիս այս անմաքուր խաղից»,- ասել է Մանուկյանը:

Նույն օրը, սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի կուսակցությունը քաղխորհրդի 7 ժամ տևած նիստում որոշեց միայնակ գնալ ընտրություններին:

Դեռ նախորդ շաբաթ Արամ Սարգսյանն ասել էր «ԱրմենիաՆաուին», որ ամեն ինչ կանի, բոլոր ջանքերը կգործադրի ընդդիմությանը համախմբելու համար: «Ես տեսնում եմ լուրջ ուժեր, որոնք հասկանում են միասնաբար հանդես գալու կարևորությունը, հասկանում են, որ խնդիրը միայն ԱԺ մտնելը չէ»,- ասում էր Սարգսյանը:

Սակայն չորեքշաբթի երեկոյան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց «ԱրմենիաՆաուին». «Բանակցությունները, փաստորեն, տապալվեցին, քանի որ ընդդիմադիր դաշտում ակնհայտորեն կան կուսակցություններ, որոնք կախվածեն իշխանություններից: Համենայն դեպս, միավորվելու համար մենք ամեն ինչ արել ենք»:

Թե ում մեղքով տապալվեցին բանակցությունները, Սուրենյանցը չմանրամասնեց` ասելով, որ «ներքին խոհանոցի պարզաբանումը սև փիար կլինի մյուս կուսակցությունների դեմ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը հաստատել է թեկնածուների իր ցուցակը, որի երկրորդ տեղում նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն է: Բարձր տեղ է հատկացվել նաև 1999 թ. հոկտեմբերին խորհրդարանի վրա հարձակման ժամանակ սպանված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրուն` Անահիտ Բաշխյանին:

Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը փաստում է, որ բանակցությունների տապալումը, ըստ էության, կապահովի ընտրությունների քոչարյանական սցենարի հաջողությունը:

«Ընդդիմությունը հզոր դաշինք չկազմեց, որպեսզի պահպանի իշխանությունների հետ առևտուր անելու հնարավորությունը, իսկ ընտրությունների միայնակ գնալով` ընդդիմությունը դատապարտված է փոշիացման»,- ասում է Ենոքյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը դեռ երեքշաբթի ներկայացրեց իր 72 թեկնածուից բաղկացած համամասնական ցուցակը, որը գլխավորում է Արտաշես Գեղամյանը:

«Մենք որևէ դաշինք չկազմեցինք, քանի որ դոմինանտ ընդդիմադիր քաղաքական ուժ ենք և ընտրություններին կարող ենք մասնակցել միայնակ: Ես ի սկզբանե գիտեի, որ ընդդիմության միջև նորմալ դաշինք չի կազմվի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Գեղամյանը:

«Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հիմնականում կազմված է նախկին իշխող կուսակցության` ՀՀՇ-ի ներկայացուցիչներից, առաջ էր քաշել «Իմպիչմենթ» դաշինքի գաղափարը: Այն թափ հավաքեց անցյալ շաբաթ, երբ դրան միանալու նախնական համաձայնություն տվեցին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»:

Սակայն միավորում տեղի չունեցավ, իսկ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իրենք կմիանան միայն այն դեպքում, երբ Գեղամյանը միանա:

«Իմպիչմենթ» դաշինքով ընդդիմությունը պետք է կազմեր մեկ միասնական համամասնական ցուցակ, և միավորումը պետք է տեղի ունենար մեկ հարցի` նախագահ Քոչարյանի իմփիչմենթի շուրջ:

«Ընդդիմությունն 8 տարի շարունակ ասում է, որ իրենց հիմնական խնդիրը Քոչարյանին իշխանությունից հեռացնելն է: Եթե իսկապես ուզում են արմատական փոփոխություն և ոչ թե մի քանի մանդատ, ուրեմն թող միանան «Իմփիչմենթին»,- ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Սակայն նույնիսկ այս գաղափարը չմիավորեց ընդդիմությանը, և դաշինքին միացան միայն երկու փոքր կուսակցություններ:

Ընդդիմության շատ ներկայացուցիչներ հույս են հայտնում, որ միասնական կլինեն գոնե մեկ հարցում` վարչախմբի կողմից սպասվող ընտրակեղծիքների դեմ պայքարում: