Արձագանք ճանապարհային քարտեզին. ընդդիմադիր ուժերը արմատական խմբի «իշխանափոխության» ծրագրում որևէ նոր բան չեն տեսնում

Վերջին օրերին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացրած իշխանափոխության ծրագիրը տարբեր գնահատականների է արժանացել իշխանական և ընդդիմադիր ճամբարներում:

Հիշեցնենք, որ երեք կետից բաղկացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզով առաջարկվում է հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել, այնուհետև արտահերթ ընտրություններ անցկացնել:

Առավել մանրամասն նշվում է, որ իշխանություններին հեռացնելու նպատակով քաղաքական և հասարակական ուժերը պետք է միավորվեն, ապա՝ ներգրավեն ժողովրդական լայն զանգվածներին, որից հետո, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, ժողովուրդը վերջնագիր է ներկայացնելու ռեժիմի պարագլուխներին:

Շարժման ներկայացուցիչները նաև նշում են, որ պահանջների կատարման համար ժողովուրդը պետք է դիմի քաղաքացիական անհնազանդության միջոցների՝ վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում, «կաթվածահար անելով քրեական ռեժիմի կառավարման համակարգը»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ սկսել են բանակցություններ վարել «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների, մի շարք գործիչների հետ:

Մինչդեռ ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենք տեղյակ չեն «Նոր Հայաստանի» նախաձեռնության մասին, և այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ թեև կուսակցության վարչությունը կքննարկի ներկայացված ճանապարհային քարտեզը և համապատասխան արձագանք կտա, բայց ինքը, անձամբ ծանոթանալով փաստաթղթին, «նոր բաղադրիչ» այնտեղ չի գտել: Նրա կարծիքով՝ ճանապարհային քարտեզում նկարագրված է այն, ինչի մասին Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է 20 տարի շարունակ:

«Նոր Հայաստան» շարժման անդամներից Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով այս քաղաքական գործիչների մեկնաբանություններին, «ԱրմենիաՆաուի» ասում է, որ իրենք դեռ նոր են հրապարակել քարտեզը, և կուսակցությունները հնարավոր է` քննարկած էլ չլինեն իրենց առաջարկը:

Անդրադառնալով Փաշինյանի մեկնաբանությանը` նա ասաց.

«Նման ծրագիր տարիներ առաջ չի առաջարկվել, ամբողջ քաղաքական սպեկտրը միշտ էլ զբաղված է եղած համակարգի ներսում եղած պայմաններում բռնակալի վերահսկողության փնտրտուքներով, բայց ինչպե՞ս էր հնարավոր բանդայի վերահսկողության ներքո ազատ ընտրություններ կազմակերպել: Իրականում այդ դասական ճանապարհն արդյունք չի տալիս, բռնակալի օրոք ազատ ընտրություններ չեն լինում, միայն մեր առաջարկած տարբերակով կարելի է արդյունքի հասնել, այսինքն` իրականացնել գործողություններ, որոնք պետական կառավարման համակարգը կաթվածահար կանեն»,- պնդեց նա: