4 + 4 + 4. ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասում է` Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ձևաչափը «գործարք չէ»

Հայ ազգային կոնգրեսի առաջարկած նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը վերաբերող 4+4+4 ձևաչափը գործարք չէ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Օրերս Զուրաբյանը իշխող կոալիցիային առաջարկել էր բանակցային ձևաչափ ստեղծել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների քննարկման վերաբերյալ, որին մասնակցելու են ԱԺ ընդդիմադիր և իշխանական կուսակցություններից, ինչպես նաև ընտրական գործընթացներում մասնագիտացված ՀԿ-ներից 4-ական ներկայացուցիչներ:

Նախագծի քննարկման ընթացքում ընդդիմությունը ներկայացնելու է Ընտրական օրենսգրքում իրենց կողմից առաջարկվող փոփոխությունների 5 պահանջ:

Հատկանշական է, որ իշխող կոալիցիան դեմ չէ նշված ձևաչափով երկխոսությանը, արդեն հայտնի է, որ վաղը տեղի կունենա բանակցությունների առաջին նիստը:

Զուրաբյանը նշեց, որ նախկինում Սահմանադրության փոփոխությունների քննարկմանը մասնակցած որոշ ուժեր մեղադրում են իրենց`ասելով, որ բանակցությունները իշխանությունների հետ համագործակցելու նոր ձև են, մինչդեռ իրենք գնում են այդ քայլին, որպեսզի իրենց պահանջները հասցնեն իշխանություններին:

«Սահմանադրության փոփոխությունները մտցվել էին օրակարգ` իշխանության վերարտադրության համար, իսկ այս ֆորմատով, որին մասնակցում են քաղաքացիական հասարակությունը, տարբեր ընդդիմադիր կուսակցություններ, հնարավոր չէ անգամ տեսականորեն ժողովրդի թիկունքում ստվերային գործարքներ իրականացնել»,- պնդեց նա:

Զուրաբյանը նաև հավելեց, որ այն արտախորհրդարանական ուժերը, որոնք չեն մասնակցում ֆորմատին, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, կարող են ներկա գտնվել բանակցություններին դիտորդի կարգավիճակով:

Այն դիտարկմանը, թե իշխանությունների պնդմամբ`4+4+4 ֆորմատը որոշումներ կայացնող մարմին չէ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը զարմացավ:

«Ի՞նչ է նշանակում` որոշումներ չկայացնող մարմին, մենք գիտենք, որ այս երկրում որոշողը ՀՀԿ-ական մեծամասնությունն է, եթե իրենք համաձայնեն մեր պահանջներին, դրանք ինքնաբերաբար կանցնեն ԱԺ և մեծամասնությամբ կընդունվեն»,- ասաց նա:

Զուրաբյանը նաև հավելեց, որ բանակցությունները կոնկրետ ժամկետ են ունենալու, և եթե այդ ընթացքում կառուցողական որոշումներ չկայացվեն, ապա այն շարունակելն անիմաստ է, որից հետո, նրա համոզմամբ, կարելի է նաև փողոց դուրս գալ և հանրային բողոքի ալիք բարձրացնել: