Սարգսյանի այց. Հայաստանի նախագահը ԱՄՆ-ում փորձում է ավանդական կուսակցությունների հետ հարաբերությունները «բարելավել»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` սփյուռքի համայնքներում, ինչպես նաև`Միացյալ Նահանգներում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը նա եղել է Բոստոնում Ռամկավար-ազատական կուսակցության «Պայքար» և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Հայրենիք» կենտրոններում, ծանոթացել երկու ավանդական կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին:

Սերժ Սարգսյանի հարաբերությունները հայկական ավանդական կուսակցությունների, հատկապես ՀՅԴ-ի հետ, բարդացան այն բանից հետո, երբ 2009 թ. նախագահը նախաձեռնեց վիճահարույց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Եվ 2009-ի մայիսին` արձանագրություների ստորագրումից դեռ մի քանի ամիս առաջ, ՀՅԴ-ն հայտարարեց Հայաստանի իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: 2011 թ. Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները պաշտոնապես հրաժարվեցին Լոս Անջելեսում ի պատիվ Սերժ Սարգսյանի ընդունելությանը մասնակցելուց` մեղադրելով նրան ազգային շահերին դավաճանելու մեջ:

2015 թ. սկզբին Սարգսյանը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, թեև դրանք չեղյալ չհայտարարեց: 2016 թ. փետրվարին ՀՅԴ-ն և իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարեցին նոր քաղաքական համագործակցության մեկնարկի մասին` փաստորեն նոր կոալիցիա կազմելով:

Ըստ բազմաթիվ փորձագետների` հայ-թուրքական արձանագրությունները պատճառ դարձան ազդեցիկ ամերիկյան սփյուռքի կողմից Հայաստանի աջակցության էական նվազման: Սրան հավելվեց նաև Սերժ Սարգսյանի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության դատապարտումը, որը հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների կարծիքով` նպաստում է արտագաղթին ու Հայաստանի դատարկվելուն: Այս քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով հանդես էին եկել է ոչ միայն ՀՅԴ ղեկավարությունը, այլ նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Սփյուռքի կողմից նախագահ Սարգսյանի աջակցության թուլացումը հանգեցրեց, վերլուծաբանների պնդմամբ, Հայաստանում ամերիկահայերի ներդրումների ռեկորդային նվազման: Դա կարող էր ազդել նաև Միացյալ Նահանգներում հայկական լոբբինգի հզորության վրա: Եվ ինչպես նկատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կապված «Սիվիլիթաս» կառույցը, ավելի քան 8 տարի նախագահ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը երբեք չի արժանացել ԱՄՆ-ի նախագահի ընդունելությանը` սահմանափակվելով Բարաք Օբամայի հետ երկու կարճ հանդիպումներով: Մինչդեռ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին պաշտոնապես ընդունել են Սպիտակ տանը: Բացի այդ, զգալիորեն կրճատվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող օգնության ծավալները:

ՀՅԴ-ի հետ կոալիցիայի վերականգնումը բազմաթիվ վերլուծաբաններ գնահատել են որպես սփյուռքի հետ «բարեկամությունը» վերականգնելու Սերժ Սարգսյանի փորձ: ՀՅԴ-ն չի առարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, և այս առումով հակասություններ չկան: Սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ կապված ՀՅԴ մյուս բոլոր առարկությունները Սերժ Սարգսյանն առաջարկել է լուծել կուսակցության հետ միասին. ՀՅԴ-ին են փոխանցվել էկոնոմիկայի, տարածքային կառավարման և կրթության նախարարների պորտֆելները: Իսկ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին գուցե հաջողի պայմավորվածություն ձեռք բերել Հայաստանում ՀՅԴ ներդրումները վերականգնելու շուրջ: