4-երի ձևաչափ. Հայաստանում մեկնարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները

4-երի ձևաչափ. Հայաստանում մեկնարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չորեքշաբթի անցկացրել են իրենց առաջին հանդիպումը այսպես կոչված 4 + 4 + 4 ձևաչափով, ինչը նախատեսում է հավասարության սկզբունքով նրանց ներառում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներում:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկները լսելու և փոխզիջումային լուծման հասնելու պատրաստակամության մասին` միաժամանակ զգուշացնելով զերծ մնալ «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումից:

Քննարկումների սկիզբը ցույց տվեց այն, ինչ մինչ այդ էլ ակնհայտ էր` ընդդիմության և քաղաքացիական ուժերի բարձրացրած հիմնական հարցերի շուրջ կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կան:

Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը և խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են, որ իշխանությունը թույլատրի ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, ընտրողների ցուցակների մաքրում, ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում, ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում, ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով` բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը:

Իշխանության պաշտոնյաները պնդում են, որ հետընտրական ցուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է գաղտնի քվեարկության սկզբունքը և անձնական գաղտնիության իրավունքը, բայց առաջարկում են փոխզիջում, որի դեպքում կուսակցությունների և թեկնածուների վստահված անձանց ընտրություններից հետո թույլատրվում է ծանոթանալ ստորագրված ցուցակներին, պայմանով, որ չեն կարող պատճենել:

Հայաստանում ընդդիմադիր ուժերը արդեն վաղուց հակադարձում են, որ անհնար է ստուգել իրենց վաղեմի պնդումը, որ իշխանությունները օգտագործում են երկրից բացակայող քաղաքացիների տվյալները` ընտրողների մասնակցության թվերը և ընտրությունների արդյունքների կեղծելու համար, առանց ունենալու հրապարակված ստորագրված ցուցակներ` համեմատելու համար ընտրության օրը Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակների հետ:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում և նրա սահմաններից դուրս տեսախցիկների տեղադրմանը, իշխանությունը մատնանշում է, որ նման դրույթը արդեն իսկ կա և գործում է, սակայն այս գործառույթը չպետք է բարդել պետության վրա:
Իշխանության ներկայացուցիչները, սակայն, դեմ են ընտրությունների առցանց հեռարձակմանը` վախենալով, որ այն կարող է քաղաքական ուժերի կողմից օգտագործվել որպես ընտրողներին ուղղորդող գործիք:

Մատները թանաքոտելու հարցում իշխանության ներկայացուցիչները որոշ հարցումների հիման վրա մասնավորապես պարզել են, որ բազմակի քվեարկությունից խուսափելու համար մարդկանց մատները թանաքոտելու պարտադրանքը, ըստ էության, կարող է, վանել որոշ պոտենցիալ ընտրողների, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, մարդիկ հակված չեն, որ իրենց մարմնի վրա նշաններ արվեն: Փոխարենը` նրանք առաջարկում են ընտրողների գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրում:

Ի վերջո, քվեարկության կարգի հարցի առնչությամբ` ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ կուսակցության համապետական ցուցակի հետ, այսպես կոչված, վարկանիշային ցուցակների ներդրումը հակասում է նախօրոք խոստացված 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեմ, ասելով, որ միապալատ խորհրդարան ունենալու պայմաններում միայն կուսակցությունների ցուցակներով քվեարկությունը չի կարող ապահովել պատշաճ քաղաքական ներկայացվածություն ամբողջ երկրում: