ՀՀԿ-ական պատգամավոր. ԱԺ-ն և պետաիրավական հանձնաժողովը կորոշեն Ընտրական օրենսգիրքը ընդունելու հարցը

ՀՀԿ-ական պատգամավոր. ԱԺ-ն և պետաիրավական հանձնաժողովը կորոշեն Ընտրական օրենսգիրքը ընդունելու հարցը

Ֆոտոլուր

4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում որոշումներ չեն կայացվելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:

«Լինելու են քննարկումներ, որոնք հետագայում կարող են տեղափոխվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստ, այնուհետև քննարկվել լիագումար նիստում, որը կորոշի դրանք ընդունելու հարցը»,- ասաց նա:

Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխող կոալիցիային առաջարկել էր բանակցային ձևաչափ ստեղծել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների քննարկման վերաբերյալ, որին մասնակցելու են ԱԺ ընդդիմադիր և իշխանական կուսակցություններից, ինչպես նաև ընտրական գործընթացներում մասնագիտացված ՀԿ-ներից 4-ական ներկայացուցիչներ:

Նախագծի քննարկման ընթացքում ընդդիմությունը ներկայացնելու է Ընտրական օրենսգրքում իրենց կողմից առաջարկվող փոփոխությունների 5 պահանջ:

Զուրաբյանը զարմանք էր արտահայտել այն պնդմանը, թե 4+4+4 ձևաչափոը որոշումներ կայացնող մարմին չէ:

«Ի՞նչ է նշանակում` որոշումներ չկայացնող մարմին, մենք գիտենք, որ այս երկրում որոշողը ՀՀԿ-ական մեծամասնությունն է, եթե իրենք համաձայնեն մեր պահանջներին, դրանք ինքնաբերաբար կանցնեն ԱԺ և մեծամասնությամբ կընդունվեն»,- ասել էր նա:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման արդյունավետությամբ ոչ բոլոր քաղաքական ուժերն են շահագրգռված. «Վստահ եմ, որ իշխանությունը շահագրգռված է լայն քննարկում իրականացնել, բայց չեմ կարծում, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ամենն ուզում: Անհեթեթ առաջարկներ անելով` նրանք ցանկանում են ցույց տալ, որ տեսեք` մենք առաջարկեցինք, իսկ իշխանությունները մերժեցին»:

Հարցին, թե որո՛նք են այդ անհեթեթ առաջարկները, նա նշեց մատների թանաքոտումը և ստորագրված ընտրացուցակների հրապարակումը:

«Մատների թանաքոտումը անհեթեթություն է, աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ բան, որի դեպքում լուծում են նույնականացման քարտերի կամ անձնագրերի բացակայության խնդիրը»,- նշեց նա:

Անդրադառնալով ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը` Մարտիրոսյանն ասաց, որ եվրոպական երկրներում նման բան չկա:

«Ժամանակին պահանջում էին, որ մինչև ընտրությունները հրապարակվեին ցուցակները, հրապարակվեցին, բայց դա որևէ կերպ որևէ բանի չօգնեց: Որևէ մեկը չի գնալու ստուգի` ինքն այդ ցուցակում կա՞, թե՞ ոչ»,- եզրափակեց նա: